Որքան էլ փորձում եմ Թուրքիայի վերջին մի քանի քայլերի մեջ տրամաբանություն գտնեմ՝ չի ստացվում:

 

Միակ եզրակացությունը մնում է այն, որ Թուրքիայի իշխանություններն «ընկել են իրենք իրենց հետևից» և ամբողջ օրը մտածում են իրենց համար նոր խնդիրներ ստեղծելու մասին:

 

Եթե մի երկրում քաղաքացիական պատերազմ է, քրդերի հետ ամեն օր զինված բախումներ են և բազմաթիվ զոհեր կան, ավերածություններ են լինում և դրա վրա են սպառվում երկրի հիմնական ռեսուրսները, տրամաբանորեն այդ երկրի իշխանությունները պետք է հնարավորինս խուսափեն նոր արտաքին թշնամիներ ձեռք բերելուց: Բայց Թուրքիայի դեպքում այդպես չէ. նրանք, հաշվի չառնելով, որ մի կողմից կա Սիրիա, Իրան, Հայաստան, որոնց հետ հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական չեն, դեռ մի հատ էլ ռուսական ինքնաթիռ են խփում, որ ձեռք բերեն ևս մեկ՝ այս անգամ ավելի հզոր թշնամի, և դեռ այդքանով էլ չեն բավարարվում:

 

Դրանից օրեր անց էլ խախտում են Իրաքի պետական սահմանը և մի գումարտակ տեղակայում Մոսուլ քաղաքի շրջակայքում: Եվ ամենածիծաղելին այստեղ թուրքական կողմի հիմնավորումն է, թե ինչու են նրանք այդպիսի բան արել. պարզվում է, որ թուրքերը որոշել էին այդտեղ զբաղվել քուրդ մարտիկների զինպատրաստությամբ՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով:

 

Սա, իհարկե, ցինիզմի վերջին աստիճանն է՝ ԻՊ-ին հովանավորող և քրդերի հետ պատերազմի մեջ գտնվող Թուրքիան «օգնում» է քուրդ մարտիկներին: Որևէ մեկը կարո՞ղ է հավատալ այս վարկածինˊ իհարկե՝ ոչ:

 

Իրաքի իշխանություններն էլ չհավատացին և որակելով թուրքերի գործողությունները որպես «ներխուժում»՝ ժամանակ տվեցին Թուրքիային՝ իր ստորաբաժանումը դուրս հանելու համար:

 

Կարծում եմ, այս միջադեպը դրական չի անդրադառնա նաև Թուրքիա-Իրաք՝ առանց այն էլ ոչ բարեկամական հարաբերությունների վրա: Եվ, ընդհանրապես, Թուրքիան գնալով ավելի ու ավելի է շրջապատում իրեն չսիրող հարևաններով: Հավանաբար միակ հույսը ՆԱՏՕ-ն է, քանի դեռ մի սխալ քայլ էլ նրանց հանդեպ չի արել:

 


Կարեն Վարդանյան