ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գալուստ Սահակյանի կողմից խոսափողներն անջատելու հանգամանքին և ասաց.
«Վերջին օրերին ականատես ենք լինում, որ ԱԺ նախագահը պարբերաբար հղում է անում ԱԺ կանոնակարգի վրա և անջատում ընդդիմադիրների խոսափողները՝ բնականոն աշխատանքը պահպանելու պատճառաբանությամբ: Հիմա ես մեջբերում եմ ուզում անել կանոնակարգ օրենքից, որ բյուջեի քննարկմանը կամ վարչապետը կամ ֆինանսական կառույցի ղեկավարը պետք է ներկայացնեն այն: Կանոնակարգում ոչ մի կետ չկա, որ նախագիծը պետք է ներկայացնի Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Անձնական ոչինչ չկա, եթե օրենքն եք մեջբերում՝ արեք առանց խտրականության»:
Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե ընդդիմադիր պատգամավորների խոսափողն է «կասեցնում», այլ նրանց, որոնք թեմայից դուրս ինչ-որ խոսքեր են ասում: Անդրադառնալով վարչապետի և նախարարի բացակայությանը՝ Սահակյանն ասաց, որ Պավել Սաֆարյանը նորից ղեկավար կազմում է, կառավարությունն այդպես է նպատակահարմար գտել, որ նա ելույթ ունենա:
Սահակյանին հակադարձեց Փաշինյանը. «Առանձնապես յալվար չենք, որ վարչապետը կամ նախարարը ելույթ ունենան, ուղղակի կանոնակարգի հարց է: Երեկ, երբ ԿԳ նախարարն իր ելույթում արձագանքում էր Զարուհի Փոստանջյանի այն ելույթին, որի ընթացքում նրա խոսափողը անջատել էիք, Շարմազանովը չընդհատեց Աշոտյանին, որը ևս թեմայից դուրս էր խոսում: Պարոն Սահակյան, բոլորի դեպքում պահպանենք սկզբունքը»: