Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը կրող' Թալինի շրջանի Թաթուլ գյուղի տներից մեկը, ուր ծնվել ու մեծացել է ազատամարտիկը, այժմ պատրաստ է որպես Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան ու սպասում իր բացման պաշտոնական արարողությանը: «Արմենպրես»-ի ստեղծագործական թիմը օրերս այցելել էր գյուղ և հյուրընկալվել Կրպեյանի հարազատների և հանրապետության բարձրագույն իշխանության ջանքերով ստեղծված թանգարանում:
Բացվում են դարպասները և մեր առջև է Գետաշենի ազատագրման համար իր կյանքը տված Թաթուլ Կրպեյանի տունը, ուր ապրել է իր կյանքի 25 տարիները, հասցրել է ամուսնանալ, ունենալ դուստր, բայց հայրենիքի պաշտպանությունը գերադասել ընտանեկան կյանքից:
Սեդան' Թաթուլ Կրպեյանի եղբոր' Մանվելի դուստրը, միակն է հորեղբայրների ու հորաքրոջ երեխաներից, որ չի տեսել Թաթուլ հորեղբորը, բայց պետք էր տեսնել Սեդայի փայլող աչքերը, երբ խոսում էր իր հերոս հորեղբոր մասին: «Երբ լսում եմ հորեղբորս մասին, սկսում եմ հուզվել: Ես շատ հպարտ եմ, որ նրա արյունն եմ կրում երակներումս, նրա ազգանունն եմ կրում: Իմ հայրն էլ է կռվել, հետո վիրավորվել է, Թաթուլ հորեղբայրս չի թողել, որ նա գնա ու ինքն է գնացել մարտի դաշտ: Նրա մասին շատ են պատմել հատկապես մայրս, հայրս ու հորաքույրս: Նրանք են տեղյակ եղել նրա գործողություններից: Երբ Թաթուլ հորեղբայրս զենքեր է բերել, մայրս է թաքցրել, նույնիսկ հայրիկս զարմացել է, որ մայրս գիտի ու իրեն չի ասում»,- պատմում է Սեդա Կրպեյանը:
Սեդային է փոխանցվել նաև սերը պարի հանդեպ, այժմ նա ունի պարի խումբ, որի փոքրաթիվ անդամներին է փոխանցում ազգային պարի ոգին:
Տուն-թանգարանում այցելուները կարող են տեսնել Թաթուլի մահճակալը, սիրելի աթոռը, սենյակի գորգերն ու պահարանը: Առանձնացված ցուցափեղկերում են հերոսի ծոցագրպանում մշտապես տեղ ունեցող ասեղն ու մագնիսը, թղթապանակը, տետրերը: Աչքի է զարնում հայերեն-թուրքերեն բառարանը. Թաթուլ Կրպեյանը ռազմի դաշտում յուրացրել է թշնամու լեզուն: Տետրի մի համեստ թերթի վրա էլ Գետաշենի հարձակման ու պաշտպանության գծագիրն է, Մարաթուկի անդամների հագուստների գծագիրը' արված Թաթուլ Կրպեյանի կողմից, ինչպես նաև դպրոցական տարիներից մնացած ծածկաթերթիկները (շպարգալկաները):
Պատերին էլ փակցված են ինչպես ընտանեկան, այնպես էլ անհատական լուսանկարներ, որոնցից ազդեցիկը հոր և դստեր (Թաթուլ և Ասպրամ Կրպեյանների) առաջին ու միակ լուսանկարն է:
Թանգարանի նյութերը դեռ համալրման են սպասում, ամենից արժեքավորը Թաթուլ Կրպեյանի օրագիրը կարող է լինել:
Թաթուլ Կրպեհանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արեգ գյուղում: 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը:
1987- 1990 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, միաժամանակ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:
Հայրենիքի պաշտպանության համար կյանքը տվել է 1991թ. ապրիլի 30-ին: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
Այս տարի հերոսի 50-ամյակի առիթով հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել:
Անի Նազարյան, Տաթևիկ Գրիգորյան
Լուսանկարները' Էդուարդ Սեպետչյանի