Առաջիկա ժամանակահատվածում հայ ադրբեջանական սահմանին լարվածությունը կմնա բարձր մակարդակի վրա և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև երկու երկրի նախագահները հանդիպեն: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

 

Պողոսյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը լարվածությունը կհասնի բարձրակետին: Իր տեսակետը պատգամավորը հիմնավորեց անցյալի փորձով, երբ երկու երկրի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանը միշտ մի քանի անգամ մեծացրել է լարվածությունը սահմանին:

 

Պատգամավորի կարծիքով՝ սրացումը կշարունակվի նաև ամանորյա տոների ընթացքում ևս: Ադրբեջանի կողմից՝ սահմանին իրավիճակը լարելը, ըստ Պողոսյանի, պայմանավորված է հարևան երկրի ինչպես ներքին, այնպես և արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներով՝ գումարած՝ տարածաշրջանի մարտահրավերները:

 

Թևան Պողոսյանն ընդգծեց Ադրբեջանի տնտեսության, ինչպես նաև այդ երկրի նախագահի և պաշտպանության նախարարի՝ իրենց պաշտոնները պահելու խնդիրները: