Ֆուտբոլն ամբողջ աշխարհում թերևս ամենաքաղաքականացված մարզաձևն է̀ իր մասսայականության հետևանքով: Հայաստանում դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը: Սկանդալային անձնավորություն‘ իշխանության մեջ ունեցած որոշակի ոչ ֆորմալ կարգավիճակով, մարդ, ով պարբերաբար հայտնվում է քաղաքական, տնտեսական իրադարձությունների, քրեական անցուդարձի կիզակետում:

 

Արդ, եթե որևէ մեկը խնդիր ունի Ռուբեն Հայրապետյանի հետ, ֆուտբոլը չի շրջանցվում:

 

Մեր հավաքականն այսօր իսկապես դժգույն տեսք ունի, սակայն քննադատները խնդրին մակերեսային մոտեցում են ցուցաբերում‘ կենտրոնանալով հիմնականում մարզչի անձի վրա:

 

Հայկական ֆուտբոլը մի մեծ համակարգի‘ քրեաօլիգարխիայի բաղկացուցիչն է: Թերևս սա է պատճառը, որ նույն Հենրիխ Մխիթարյանը կարող է հիանալի մրցաշրջան անցկացնել իր ակումբում և ոչնչով աչքի չընկնել ազգային հավաքականում:

 

Նույն տրամաբանությունը գործում է մարզչի պարագայում: Հարցը միայն որևէ մասնագետի փորձը կամ տեղացի ու արտասահմանցի լինելը չէ: Հավաքականը կշահի, եթե նրա ղեկը ստանձնի մարդ, ով օժտված կլինի մասնագիտական որակներով, բայց նաև չի ունենա օլիգարխիկ մտածողություն, ավելի պարզ, ըստ անհիաժեշտության, կկարողանա «Ոչ» ասել Ռուբեն Հայրապետյանին:

 

Թե Սարգիս Հովսեփյանը, թե գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինած Վարուժան Սուքիասյանը, տաղանդավոր ֆուտբոլիստներ են եղել: Վարուժան Սուքիասյանը նաև մարզչական աշխատանքի փորձ ունի, սակայն դժվար է նրան լավ մարզիչ համարելը: Սակայն, երկու նախկին ֆուտբոլիստները չունեն կարևոր մի հատկություն, որը երաշխավորված կդարձներ նրանց հաջող աշխատանքը հավաքականում: Երկուսն էլ անցել են Նեմեցի «շկոլան» և ինքնուրույն չեն:

 

Վարուժան Սուքիասյանը նույնպես աշխատելու է Հայրապետյանի ստվերում‘ վերջինիս ցուցումով հայտավորելով հավաքականը:
Ուրեմն, Սարգիս Հովսեփյանի հեռացումով ու Վարուժան Սուքիասյանի նշանակումով, ազգային հավաքականում որակ չի փոխվելու և շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանի ու ֆաների «պատերազմը»:

 

Ի դեպ, որակ չի փոխվի նաև հայկական ֆուտբոլում, եթե Հայրապետյանին ՀՖՖ-ում փոխարինելու գա օլիգարխիկ մտածողությամբ մեկը:

 


Սուրեն Սուրենյանց