Նայելով այսօրվա ԱԺ նիստը՝ ևս մեկ անգամ հասկացա, որ մեր խորհրդարանն իր տեսքով և բնույթով շատ հեռու է երկրի բարձրագույն օրենսդիր մարմին լինելուց և ավելի շատ հիշեցնում է բակի «բեսեդկա», որտեղ վիճում են հարևանները: Ընդ որում, խոսքս վերաբերում է երկու կողմին էլ՝ թե՛ գերէմոցիոնալ ելույթներ ունեցող ընդդիմադիրներին, և թե՛ նիստը վարող և 10 վայրկյանը մեկ խոսափող անջատելու սիրահար ՀՀԿ-ականներին: Ես, իհարկե, հասկանում եմ, որ կա ԱԺ կանոնակարգ, որ սահմանված ժամանակից ավել պատգամավորը չպետք է խոսի, օրակարգից չպետք է շեղվի, և այդ դեպքերում, անշուշտ, վարողները կարող են կիրառել միջոցներ, այդ թվում՝ անջատել խոսափողներ և այլն: Սակայն, կարծեմ, նույն կանոնակարգում ոչ մի տեղ նշված չէ նաև, որ պատգամավորների բոլոր ելույթները և հնչեցրած քննադատությունները պետք է հաճելի լինեն վարողների համար:
Եթե մենք ուզում ենք երկխոսություն, եթե ուզում ենք ստեղծել նույն այդ «կառուցողական» մթնոլորտը, որի մասին անընդհատ խոսում են իշխանականները, ապա պետք է սովորենք ադեկվատ վերաբերվել քննադատություններին, անգամ եթե դրանք բավականին սուր են:
Քննադատությունները կարելի է լսել, հետո՝ առարկել, բայց անընդհատ խոսափող անջատելով հարց չի լուծվի: Այլ հարց է, եթե դա լիներ ֆեյսբուքյան տիրույթը, որտեղ օգտատերն ուղղակի կարող է իր ընկերների ցանկից հեռացնել կամ արգելափակել ոչ ցանկալի մեկ այլ օգտատիրոջ՝ նրա ոչ հաճելի մտքերն ու նամակները չկարդալու համար: Բայց այս դեպքում մենք գործ ունենք երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի հետ, որը չպետք է իջեցնել սոցիալական ցանցի մակարդակին:
Նույնը վերաբերում է նիստեր տապալելու, դահլիճում աղմկելու և քաղաքական օպոնենտներին վիրավորելու սիրահար ընդդիմադիրներին: Հարգելիներս, պետք չէ խառնել ԱԺ-ի ելույթները Facebook-ում կամ «Օդնոկլասնիկում» «քափսլոք լատինատառերով» վիրավորական արտահայտություններով լեցուն «քոմենթներ» գրելու կամ բակի «բեսեդկայում» հարևանների հետ վիճելու հետ: Սա երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է, որտեղ դուք բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել եք, և այդ մարմնում գտնվելը պահանջում է համապատասխան՝ այդ մարմնի ներկայացուցչին հարիր կեցվածք:
Ժամանակն է, որ թե՛ իշխանականները, և թե՛ ընդդիմադիրները հասկանան, որ այսպիսի մթնոլորտում, առանց փոխադարձ հանդուրժողականության, առանց քննադատությունների հանդեպ ադեկվատ վերաբերմունքի արդյունավետ օրենսդրական գործունեություն իրականացնել հնարավոր չէ, և այս տեմպերով շարժվելով մենք կամաց-կամաց կսկսենք նմանվել ուկրաինական Ռադային, որտեղ պարբերաբար նույնիսկ ծեծկռտուքներ են լինում պատգամավորների միջև:
Կարեն Վարդանյան