«Իրավիճակը սահմանին չի հանդարտվում, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է հետամուտ մնալ բանակցային գործընթացը տապալելու և լարվածության միջոցով ինչ-որ հարցեր լուծելու իր քաղաքականությանը: Այդ հարցերը պարտադիր չէ, որ կապված լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- անդրադառնալով սահմանային իրավիճակին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ նման գործողությունների Ադրբեջանը դիմում է իր ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար:

 

«Վերջին օրերին բավական լուրջ տոկոսով արժեզրկվել է ադրբեջանական մանաթը, և սահմանում սադրիչ գործողություններով, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել իր հասարակության ուշադրությունը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

 

Խոսելով Բեռնում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, քաղաքագետը նշեց, որ այդ հանդիպումն ըստ էության սահմանին առաջացած խնդիրները չլուծեց, և Ադրբեջանը շարունակում է իր մարտավարությունը:

 

Անդրադառնալով կարծիքներին, որ ադրբեջանական կողմը սադրում է, բայց վախենում է պատերազմ սկսելուց, Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ալիևն ավելի լայնածավալ գործողությունների չի կարող գնալ. դրա համար չկան բավարար ռեսուրսներ, ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ առավել ևս ռազմական տեսակետից: Նա դա շատ լավ հասկանում է, հասկանում է, որ իրավիճակը տարածաշրջանում այս պահին նպաստավոր չէ պատերազմ սկսելու համար:

 

Ուստի այս ճանապարհով Ալիևը փորձում է ժամանակ շահել, ավելի հարմար ժամանակ գտնել, բայց այդ հաշվարկն էլ չունի, չգիտի՝ երբ կլինի ավելի հարմար»:

 

Իսկ թե որքանով է հայկական կողմը պատրաստ պատերազմական իրավիճակին՝ քաղաքագետն ասաց. «Հայկական կողմը պատրաստ է, բայց չի ձգտում պատերազմի, դրա մասին բազմիցս հայտարարվել է ամենաբարձր՝ երկրի ղեկավարության մակարդակով: Եվ դրա մասին են վկայում մեր Պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի գործողություններն առաջնագծում:

 

Կորուստներ շատ ունենք, բայց ադրբեջանական կողմին հասցված վնասներն ավելի շատ են: Իհարկե, չափելի չեն կորուստները, քանի որ մեզ համար մեր մի զինվորի մահն ավելին արժե, քան նրանց ամբողջ բանակը: Բայց բոլոր դեպքերում պարզ է, պատերազմի՝ որպես այդպիսին, մեր բանակը պատրաստ է»:

 

Գայանե Համբարձումյան