Տարվա ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ, ինչի հետ էլ կապված՝ մի շարք պետական գերատեսչություններ պարբերաբար հանդես են գալիս ամփոփիչ տվյալներով: Օրերս վիճակագրական ծառայության կողմից հրապարակված արդյունքների համաձայն՝ տարեվերջին ընդառաջ Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջել. վերջին 11 ամիսներին այն կազմել է ընդամենը 2,9%, և սա այն դեպքում, երբ հուլիսին տնտեսական ակտիվությունը հասել էր 4,2%-ի։ Չնայած ակնկալիքներին՝ այնուհանդերձ, երկրորդ կիսամյակը, պարզվում է, այնքան էլ բարեհաջող չէր Հայաստանի տնտեսության համար։ Տվյալներից պարզ է դառնում, որ փաստացի արդեն չորրորդ ամիսն է, ինչ մեր երկրում տնտեսական ակտիվությունը մտել է նահանջի փուլ, և պարզ էլ չէ, թե որքան կշարունակի տևել այս վիճակը։ Պարզվում է, որ վերջին ամիսների տնտեսական զարգացումների վրա բացասաբար են ազդել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։ Շինարարությունը, օրինակ, որ ավանդաբար համարվել է հայաստանյան տնտեսության լոկոմոտիվներից մեկը, շարունակում է էական անկում գրանցել, ինչն անխուսափելիորենարտացոլվում է ողջ տնտեսության վրա: Այսպես. եթե 10 ամսվա ընթացքում այն գոնե պահպանում էր նախորդ տարվա մակարդակը, ապա արդեն 11 ամսվա արդյունքում՝ կրճատվել է ավելի քան 3%-ով, մի բան, որ հիմք է տալիս ենթադրելու՝ հերթական տարում Հայաստանում իրականացվող կապիտալ շինարարության ծավալները անխուսափելիորեն կնվազեն, ինչը, անկասկած, հետևանքն է այն ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի, որ իշխող է եղել Հայաստանում ողջ 2015-ի ընթացքում։
Հանրահայտ իրողություն է, որ շինարարական ոլորտի առաջընթացը կամ հետընթացը յուրատեսակ չափիչ գործիքներ են՝ երկրում տիրող սոցիալական իրական վիճակի մասին պատկերացում կազմելու համար, ինչը մեծապես առնչվում է նաև բնակչության գնողունակության հետ։ Մյուս կողմից՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ինչպես երևում է, գործերն այդքան էլ լավ չեն ընթանում, ինչը ևս խանգարիչ հանգամանք է ոլորտի ընդհանուր առաջընթացի համար: Ինչպես հետազոտությունների արդյունքներն են վկայում, անշարժ գույքի շուկայում, որի հետ, ինչպես հայտնի է, շինարարական ոլորտն ուղղակի առնչություններ ունի, հետզհետե ճնշումն ավելանում է: Այս առումով՝ պաշտոնական ցուցանիշներն ամենևին էլ հուսադրող չեն. այս տարի անշարժ գույքի գործարքները, նախորդ տարվա համեմատ, կրճատվել են գրեթե 16-17%-ով:
Ընդհանրապես, անշարժ գույքի առուվաճառքի շուկան Հայաստանում հատկապես վերջին տարիներին էական անկում է գրանցել, ինչի պատճառներից մեկն էլ, անխոս, վերոհիշյալ գնողունակության անկումն է: Տիրող իրավիճակի շտկմանը փաստացի չնպաստեց նույնիսկ 2015-ի փետրվարին ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշումը, որով քաղաքացիները հնարավորություն էին ստանում հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելիս օգտվել որոշակի արտոնություններից, ինչն իր հերթին, ըստ տրամաբանության, պետք է խթաներ շինարարության ոլորտը: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ՝ նորակառույցներում հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելիս վարկառուները հնարավորություն ստացան տոկոսների մարումն իրականացնել իրենց աշխատավարձից պահված եկամտային հարկից, որն ամեն ամիս վճարվում է պետբյուջե: Իսկ կառավարության չարդարացված հույսերը միանգամայն սպասելի էին, քանի որ այս որոշումը հիմնականում ուղղված էր այն քաղաքացիներին, որոնք ունեն կայուն բարձր եկամուտ, ինչը, ինքնըստինքյան, բացառում էր դրա մասսայականացումը, քանի որ բոլորս գիտենք՝ մեր երկրի բնակչության ընդամենը մի քանի տոկոսն է, որ ունի իրական հնարավորություն՝ օգտվելու երկրի բարիքներից. բնակչության հիմնական մասի եկամուտները որևէ կերպ բավարար չես համարի՝ շուկայում առաջարկվող հիպոթեքային վարկավորման տեսակներից օգտվելու համար: Հատկապես վերջին տարիներին շինարարության ոլորտում զբաղվածները շարունակ բողոքում են թե՛ դրա ծավալներից, թե՛ հնարավորություններից՝ անորոշ համարելով բնագավառի հեռանկարը: ՀՆԱ-ի մեջ շինարարության մասնաբաժինը ևս մտահոգիչ ցուցանիշներ է գրանցում: Մի խոսքով՝ ունենք վիճակ, երբ վաճառողները բողոքում են գնորդի պակասից, ներկրողներն ու արտադրողները՝ կառուցապատումների խիստ կրճատումից, բնակիչները՝ գնողունակության անկման պատճառով շինարարության հետաձգումից, շինարարական կազմակերպությունները՝ պատվիրատուների պակասից: Ոլորտում մշտապես փակվում են ընկերություններ, ու գործազուրկների բանակն ավելանում է նաև շինարարների ու շինարարության հարակից ենթակառուցվածքների աշխատակիցների հաշվին: Ոլորտում զբաղվածներն այժմ ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից են բողոքում, այլև՝ բյուրոկրատիայից, հարկային համակարգից:
Թե որքան կշարունակվի Հայաստանում շինարարության ոլորտի անկումը, մնում է միայն կռահել, բայց որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են, ակնհայտ է, որոնց լուծման ուղղությամբ վերջինիս ջանքերը, կարծես այդքան էլ նկատելի չէ՝ համենայնդեպս, ըստ վիճակագրական տվյալների:
Դավիթ Բաբանով