Հայաստանի կապի օպերատորներից մեկի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջևան համայնքի վարչական շենքը, որը ներառում է գյուղապետարանը, մանկապարտեզը և համայնքի բուժկետը, ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգով: Մոտ 600 բնակիչ ունեցող Ջուջևանի վարչական շենքը կանոնավոր չի ջեռուցվել ավելի քան 25 տարի:Փոխարենը՝ օգտագործվել են ոչ արդյունավետ և ծախսատար ջեռուցման միջոցներ: Նախագծի շրջանակում տեղադրված ջեռուցման համակարգը, որը ներառում է և՛ գազի կաթսա, և՛ արևային ջրատաքացուցիչներ, շենքի ջեռուցման խնդրին օպտիմալ լուծում է՝ էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված. համակարգի գործարկումը ձմռանը 50-60%-ովկնվազեցնի ջեռուցման ծախսերը և ամբողջ տարվա ընթացքում կապահովի տաք ջրամատակարարմամբ:

 

Ամեն անգամ, երբ ընթերցում ես նմանատիպ միջոցառումների մասին, որոնք արվում են բարի մարդկանց կամ կազմակերպությունների ջանքերով, ակամա մտածում ես՝ լա՛վ, ի՞նչ էինք անելու, եթե նրանք էլ չլինեին: Հատկապես վերջին շրջանում, երբ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը գնալովվատանում է, հիմնականում կապի օպերատորների կողմից նկատվող բարեգործական գործունեությունը հատկապես Հայաստանի շրջաններում, ուր սոցիալական վիճակն ամենից վատթարն է, չի կարող ուրախություն չառաջացնել: Սակայն, դրանով հանդերձ, մի տեսակ հիասթափություն է պատում մեզ.մտածում ես՝ ո՞ւր է կառավարությունը, ո՞ւր է պետությունը, մի՞թե նրանց չի հուզում հասարակ մարդկանց կարիքները, մի՞թե վերջիններս մոռացվել են իշխանավորների կողմից ու հանձնվել բարի մարդկանց ողորմածությանը: Այնպիսի տպավորություն է՝ կարծես կառավարությունը «ձեռքերը լվացել», քաշվել է մի կողմ ու սպասում է, թե որ օպերատորը ինչ ներդրումներ կանի, որ իրենք էլ հանրայնացնեն դա ու տպավորություն ստեղծեն, թե աշխատում են, մտահոգ են մարդկանց հոգսերով:

 

Մնում է պարզապես հաջողություն մաղթել մեր բջջային օպերատորներին իրենց բիզնեսում, որ իրենք էլ իրենց ունեցած շահույթներից գոնե մի մաս հատկացնեն սոցիալական կարիքներ ունեցող մարդկանց, թե չէ՝ ո՞վ գիտե՝ ի՞նչ կլինի նրանց վիճակը, եթե հանկարծ մի օր օպերատորները որոշեն դադարեցնել ակտիվ բարեգործական գործունեությունը ու բավարարվեն միայն պետության կողմից սահմանված հարկերը մուծելով…

 

Դավիթ Բաբանով