Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը գնալով ավելի արկածախնդիր է դառնում եւ վտանգավոր տարածաշրջանի եւ թուրք ժողովրդի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզմունք հայտնեց' Թուրքիան հաջորդ տարի ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կլինի: «Կշարունակվի Էրդողանի միանձնյա իշխանությունը: Գյուլենական շարժումը կշարունակեն ճնշել: Նախանշաններ կան, որ զինվորականության դիրքերը կարող են վերականգնվել: Ես չեմ բացառում, որ Գլխավոր շտաբի կողմից կտեսնենք գործողություններ, որոնք վերջին տարիներին չեն եղել»,-ընդգծեց թուրքագետը:
Թուրքիա 2015
Անցնող տարին Թուրքիայի քաղաքական կյանքում առանձնահատուկ էր' պայմանավորված երկու իրադարձությամբ: Սաֆրաստյանն առանձնացնում է Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններն ու Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Սիրիայի առնչությամբ: «Այս երկու խնդիրները փոխկապակցված են: Մի կողմից Էրդողանի արկածախնդրական քաղաքականությունը Թուրքիայի ներքին կյանքում կարծես բերեց հաջողության, իսկ արտաքին քաղաքականության բնագավառում Թուրքիան շատ ծանր իրադրության մեջ հայտնվեց»,- ասաց Սաֆրաստյանը' հավելելով, որ Թուրքիայի շուրջ այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ եվրոպական բազմաթիվ երկրներ խուսափում են Էրդողանի հետ հանդիպումից: «Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայի ճգնաժամին հանգեցրեց նրան, որ իրական աշխարհաքաղաքական առումով Թուրքրիայի դերը շատ ուժեղ նվազեց եւ հարվածներ կրեց: Դա պայմանավորված է նաեւ Թուրքիայի ներսում քրդական խնդիրների հետ: Էրդողանն օգտագործեց քրդական գործոնը, նրանց դարձրեց թշնամի եւ կարողացավ օգտագործել ներքին քաղաքականության բնագավառում: Արտաքին քաղաքականության բնագավառում էլ Էրդողանը նույն դիրքորոշումը ցուցաբերեց: Նա ձգտում էր Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում ուժեղացնել: Բայց հաշվի չէր առել, որ Թուրքիան չունի այդքան ներուժ: Թուրքիայի իրական դիրքն այդ պատճառով թուլանում է եւ դա արկածախնդրություն է»,- ասաց Սաֆրաստյանը:
ԵՄ-ն աչքերն ավելի պինդ փակեց թուրքական խայտառակությունների վրա
Թուրքիայի գործողությունների մասին Արեւմուտքում լավ էլ տեղեկացված են, սակայն չեն արձագանքում, որովհետեւ ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը ստիպեց Եվրամիությանը աչքերն ավելի պինդ փակել Թուրքիայում տիրող խայտառակությունների վրա: «Եվրոպացիները եկան եզրակացության, որ Թուրքիան իր ձեռքում պահում է բանալիները եւ Եվրոպան գնաց նրան, որ Թուրքիային ոչ միայն 3 միլիարդ տվեց, այլեւ հայտարարեց, որ կարող են վերսկսել բանակցությունները Թուրքիայի' ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ: Ուզած-չուզած Եվրոպան Թուրքիայի առնչությամբ գնում է զիջումների, քանի որ ներգաղթյալների խնդիրը շատ կարեւոր էր»,- ասաց Սաֆրաստյանը' հավելելով, որ Թուրքիայի' ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ պետք է երկու հանգամանք կարեւորել: Նախ, եվրոպացիները հարյուրամյակների փորձառություն ունեն եւ Թուրքիային տրվող խոստումներին լուրջ չեն վերաբերվում. «Նրանք հույս ունեն, որ Թուրքիան կփակի սահմաններն ու Եվրամիությանը չի անդամակցի: Թուրքիան էլ իր խաղն է խաղում: Մի կողմից միլիարդներ է ստանում, մյուս կողմից «քարտ բլանշ» է ստանում, որ անի այն, ինչ ուզում է: Միմյանց խաբում են եւ դիմում խորամանկությունների»:
Ռուս-թուրքական հարաբերությունների մասին
ՌԴ-ն պատասխանեց թուրքական սադրանքներին, որը, վստահաբար, համաձայնեցված էր եւ նպատակ ուներ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա, որ իր ռազմական ակտիվությունը թուլացնի Սիրիայում: «Ռուսների ռեակցիան անսպասելի էր Թուրքիայի համար եւ ակտիվությունը թուլացնելու փոխարեն, ավելի ուժեղացրին: Տարածաշրջանի համար իրադրությունը սրվեց եւ Թուրքիայի դիրքն ավելի թուլացավ: Թուրքիան ընկավ այն ծուղակի մեջ, որը պատրաստել էր: Թուրքիան այժմ իրեն զուսպ է պահում Սիրիայի հարցում: Եվ եթե այդպես շարունակի, հարաբերությունները կմեղմվեն: Շատ կարեւոր է Արեւմուտքի դիրքորոշումը, քանի որ նրանք համարում են, որ Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ միջադեպը գոյություն չունի: Դա նշանակոմ է, որ Արեւմուտքը Թուրքիային ասել է, որ ռուսների հետ հարաբերությունների նոր փուլ են սկսում եւ իրենք չխանգարեն այդ հարաբերություններին»,-նկատեց թուրքագետը:
Հայ-թուրքական հարաբերությունները
Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում փաստեց, որ որեւէ փոփոխություն երկու երկրների միջեւ չի կարող լինել: «Ժխտումը բերեց բացարձակ լկտիության: Առաջին անգամ Գալիպոլիի նախաձեռնութամբ աշխարհի երկրների ղեկավարներին ներքաշեցին իրենց խայտառակ դիրքորոշման ու խաղի մեջ: Շատ կարեւոր է, որ աշխարհի բացարձակ մեծամասնությունը հասկացավ, թե ինչ է կատարվում եւ համապատասխան գնահատական տվեց: Ժամանակակից միջազգային հարաբերությունների տեսանկյունից Թուրքիան Հայաստանի նկատմամբ ընտրել է հազվադեպ հանդիպող դիրքորոշում. աշխարհում գոյություն ունեցող երկկողմ միջպետական հարաբերությունների 90 տոկոսը փոխզիջումային քաղաքականության վրա է հիմնված, Թուրքիան հակառակ ճանապարհն է ընտրել: Թուրքիան փորձում է Ադրբեջանին դրդել, որ ավելի ագրեսիվ դիրքորոշման ցուցաբերի Ղարաբաղի հարցում: Ադրբեջանն առանց դրա էլ ագրեսիվ է եւ եթե Թուրքիայի դրդմամբ ավելի ագրեսիվություն ցուցաբերի, կնշանակի ռազմական գործողությունների վերսկսում: Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը խոհեմ կգտնվի եւ խաղալիք չի դառնա թուրքական դավադրությունների համար»,-ընդգծում է Ռուբեն Սաֆրաստյանը:
Հասմիկ Հարությունյան