Ո՞վ կարող է ասել՝ որոնք են այն հիմնական թեմաները, որ ներկայումս ամենաշատն են հուզում մեր հասարակությանը: Այո՛, դուք չեք սխալվում՝ տնտեսությանը և անվտանգությանը վերաբերող խնդիրները. այս երկուսով են, թերևս, պայմանավորված մարդկանց կենսագործունեության համար անհրաժեշտ բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը: Եթե Հայաստանի անվտանգության առումով տիրող իրավիճակը քիչ թե շատ բավարար կարելի է համարել, ապա նույնը, ցավոք, չենք կարող ասել տնտեսության մասին. այստեղ տիրող իրավիճակն ավելի քան մռայլ է: Նրանց, ովքեր մեզ կարող են մեղադրել «գույներն անտեղի խտացնելու» մեջ, պետք է կոչ անենք մի հպանցիկ հայացք նետել տարեվերջյան ամփոփիչ տվյալների ուղղությամբ, որոնք աներկբայորեն փաստում են Հայաստանի՝ անդունդին գտնվելու մասին. Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը տարեվերջի դրությամբ մոտ 20 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ: 2.2 տոկոսով նվազել են արտահանման և շուրջ 27 տոկոսով՝ ներմուծման ծավալները: 2015 թվականի ընթացքում նվազել է մշակող արդյունաբերության ընկերությունների արտադրանքի ծավալը, ուր անկումը կազմել է շուրջ 4.2 տոկոս: Չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը՝ ամենամեծ ծավալները, այնուհանդերձ, շարունակվում են պահպանվել առևտրի շրջանառությունում' 1 տրլն 816 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ մեր տնտեսության կառուցվածքում դեռեւս որակական լուրջ փոփոխություն չի արձանագրվել, քանի որ ամենամեծ ճյուղը շարունակում է մնալ առևտուրը: Այն գրեթե այնքան է կազմում, որքան արդյունաբերությունն (1 տրլն 63 մլրդ դրամ) ու գյուղատնտեսությունը (857 մլրդ դրամ) միասին վերցրած:
Տնտեսության գերառևտրայնացումը, որ պատուհասեց Հայաստանը՝սկսած անկախության առաջին իսկ տարիներից, այն հիմնական խոչընդոտներից մեկն է հանդիսանում, որը թույլ չի տալիս երկրի տնտեսությունը դնել ավելի ամուր հիմքերի վրա ու ստեղծել իրական նախապայմաններ՝ դրա հետագա զարգացման ու ամրապնդման համար: Հարցն այս, սակայն, պայմանավորված չէ բացառապես ներքին գործոններով՝ չնայած վերջին հանգամանքի նշանակությունը որևէ կերպ թերագնահատել ևս չի կարելի. ԽՍՀՄ փլուզումից հետո նմանատիպ իրավիճակում հայտնվեցին այլևս անկախ հանրապետությունների գրեթե բոլոր երկրները, ուր արագ տեմպերով ընթանում էր տնտեսությունների ապաարդյունաբերացում, որի նպատակն Արևմուտքի կողմից տեղական շուկաների գրավումն էր, ինչը էապես կմեծացներ ԱՄՆ ազդեցությունը հետխորհրդային երկրներում՝տալով Վաշինգտոնին ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական վերահսկողության բանալիները՝ այդ երկրների նկատմամբ: Այս քայքայիչ գործընթացը չափազանց ցավոտ էր նամանավանդ Հայաստանիհամար, որը ԽՍՀՄ տարիներին հայտնի էր հատկապես իր արդյունաբերական արտադրանքով ու պատվավոր հորիզոնականներում էր գտնվում՝ իր կողմից արտադրված ապրանքների բարձր որակի շնորհիվ: Արդյունքում՝ մեզ բաժին հասավ քայքայված արդյունաբերությամբ, կործանվող տնտեսությամբ մի երկիր,որի տնտեսական հեռանկարները այդքան էլ լուսավոր չես համարի: Ասվածի վառ ապացույցը 2015-ի տնտեսական ցուցանիշներն են:
Եթե, այնուամենայնիվ, վերլուծելու լինենք ստեղծված իրավիճակը, ի՞նչը կարելի է մղել առաջին պլան ու համոզված ասել, որ հենց դրա պատճառով է, որ մենք հայտնվել ենք նման իրավիճակում: Մի բան կարելի է ասել հաստատ՝ հայաստանյան տնտեսության անկումը միայն 50 տոկոսով է պայմանավորված արտաքին գործոններով: Մնացած 50 տոկոսի մեղավորը ներքին գործոններն են՝ շինարարության ծավալների անկում, արտահանման և ներկրման ծավալների կրճատում: Ընդ որում՝ խնդիրը նոր չէ, այլ սկսվել ու շարունակվում է դեռևս 2009թ.-ից: Իսկ թե ինչու այս տարիների ընթացքում կառավարության ձեռնարկած ջանքերն այպես էլ արդյունք չեն տալիս, մնում է անհասկանալի. խնդիրը, հավանաբար, նախևառաջ վստահության բացակայության մեջ է: Բիզնեսի համար վստահելի միջավայրի բացակայությունը, գործարարների շրջանում տիրող կասկածամիտ վերաբերմունքը՝ տնտեսական մրցակցության ու քաղաքական միջավայրի նկատմամբ, առկա ճգնաժամը է՛լ ավելի են խորացնում. մարդիկ ցանկություն չունեն՝ տնտեսական գործունեություն ծավալելու, որովհետև վստահություն չկա: Ներկրումների վրա հիմնված տնտեսական մոդելը, որտեղ կան միայն մենաշնորհներ, ինչի արդյունքում երկրում աշխատատեղեր չեն ստեղծվում,այլևս սպառել է իրեն:
Փոխարենը կենտրոնանալու այս և նմանատիպ խնդիրների հաղթահարման վրա, կառավարությունը չգիտես՝ ինչով է զբաղված: Միակ բանը, որ ներկայումս հուզում է հայրենի իշխանավորներին ամանորյա տոները հավուր պատշաճի դիմավորելն է: Նոր տարի եք դիմավորում, բարո՛վ դիմավորեք, բայց դա մի՛ արեք մեր փողերի հաշվին: Չնայած մարդիկ «բաշարող» գտնվեցին ու հաջողացրին մի փեշ պարտք ու վարկ վերցնել օտարներից, դրամաշնորհներ մուրալ արտերկրից ու համոզել աշխարհին, որ այդ ամենն անում են՝ելնելով բացառապես ազգանվեր նպատակներից: Բայց դե մենք գիտենք, թե որոնք են այդ ամենի իրական դրդապատճառներ, օրինակ՝ տոնական սեղանին կոկորդիլոսի կամ շնաձկան պարարտ միս ունենալը… Բարի ախորժակ բոլորիդ:
Դավիթ Բաբանով