Համացանցում և տարբեր հարթակներում արդեն տարիներ շարունակ քարոզչություն է տարվում թուրքական արտադրության, Թուրքիայից ներկրված ապրանքներ չգնելու, նաև Թուրքիայից ապրանքներ չներկրելու վերաբերյալ: Բազմիցս բացատրվել է, որ դրանով մենք հարստացնում ենք մեր թշնամի պետության բյուջեն, իսկ մանավանդ այսօր, երբ արդեն հայտնի է, որ Թուրքիան նաև «Իսլամական պետության» ֆինանսավորողներից է, մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր նման գնումով մենք մեր լուման ենք ներդնում նաև ԻՊ-ի կայացման մեջ: Բայց երևույթը, միևնույն է՝ շարունակվում է, որովհետև պետական մակարդակով ոչ մի միջոցառում, ոչ մի միջամտություն չի ձեռնարկվում:

 

 

Ապրանք ներկրողները, բնականաբար, չեն առաջնորդվում ազգային մտածելակերպով, այլ զուտ իրենց շահի մասին են մտածում: Ինչ վերաբերում է գնողներին՝ որոշ ապրանքների դեպքում նրանք չունեն ընտրության հնարավորություն, քանի որ բացի թուրքականից նման տեսակի ապրանքից այլ երկրի արտադրության պարզապես չի լինում տեղական շուկայում:

 

 

Օրինակ՝ Ամանորին ընդառաջ մեծացել է ցիտրուսային տեսակի մրգերի պահանջարկը: Խոսքը նարնջի, թուրինջի, պամելոյի մասին է: Եվ եթե ուշադիր լինեք, այս օրերին Երևանի միրգ վաճառող խանութներում, սուպերմարկետներում այդ տեսակի մրգերից կարելի է հանդիպել միայն Թուրքիայից ներկրված: Իսկ ի՞նչ է, ասենք Վրաստանից հնարավոր չէ՞ր ներկրել, չէ՞ որ նախկինում այդպես արվում էր: Ինչո՞ւ կառավարությունը որևէ կերպ չի միջամտում այս խնդրին և չի կարգավորում: Օրե՞նքն է այդպիսին, օրե՞նքն է թույլ տալիս ներկրողին ազատ կերպով որոշել, թե որտեղից և ինչպես ներկրել: Ուրեմն պետք է փոխել այդ օրենքը, որովհետև նման օրենքները չեն բխում մեր ազգի, պետության շահերից: Մեր կառավարությանն էլ գոնե մի փոքր պետականամետ ու ազգային մտածելակերպը չէր խանգարի:

 

 

Կարեն Վարդանյան