Ռուսաստանում տեղի է ունեցել խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահար, որի ընթացում 27-ամյա Ալեքսանդր Անտոնյանը Կուշչևսկու շրջանի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել անսովոր վնասվածքով: Երբ բժիշկները հետազոտել են տուժածին, նրանք սարսափել են: Տղամարդու կրծքավանդակից դուրս է եկել 5 սմ տրամագծով ջրախողովակ:
Պարզվել է, որ Ալեքսանդրը այդ վնասվածքը ստացել է, երբ շարժվելիս է եղել քաղաքամերձ ճանապարհներից մեկով: Նրա առջև գնացող բեռնատար մեքենայի քարշակը վնասվել է և նրա մեջ գտնվող մետաղական տասնյակ իրեր սկսել են թափվել գետնին, որոնցից մի քանիսը ընկել են հենց Անտոնյանի ավտոմեքենայի վրա:
«Ես միանգամից չհասկացա ինչ է կատարվում: Փորձում էի ավտոմեքենան կողմ քաշել, երբ տեսա, որ բեռնատարից ձողեր են թափվում: Բայց հանկարծ զգացի, որ մարմինս թմրել է, իսկ ձեռքերս իջել: Ես չէի կարող շարժվել, միայն նայում էի թե ինչպես էր մեքենան ընկնում ձորը: Մի քանի վայրկյան անց հասկացա, որ իմ մարմնից ձող է դուրս գալիս», - ասել է Ալեքսանդրը:
Նա փորձել է դուրս հանել այն, բայց կորցրել է գիտակցությունը: Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները կտրել են ձողի մի մասը և տուժածին տեղափոխել հիվանդանոց:
Չնայած, որ տղամարդը գտնվել է անգիտակից վիճակում, նրա սիրտը շարունակել է աշխատել: Բժիշկները հետազոտումից հետո սկսել են վիրահատությունը:
«Վնասված էին թոքերը, լյարդը և ստոծանին: Ձողը անցել էր սրտից մի քանի միլիմետր հեռավորության վրա: Երբ մենք բացեցինք կրծքավանդակը, տեսանք, որ սիրտը բաբախում է և կպնում ձողին, իսկ մյուս կողմից ձողին կպնում էր ջարդված ողը: Ողնաշարը չի տուժել միայն նրա շնորհիվ, որ ձողը մեջքից դուրս է եկել թեքված վիճակում: Իրավիճակը բարդացնում էր միայն ուժեղ արյունահոսությունը:
Վիրահատությունը տևել է երեք ժամ: Այնտեղ մասնակցել են հինգ մասնագետներ: Երբ ձողը հեռացվել է Ալեքսանդրի մարմնից, մասնագետները կարել են թոքերը և լյարդը, այնուհետև փակել կրծքավանդակը:
Հիվանդանոցում Ալեքսանդրը անց է կացրել երկու շաբաթ: Այժմ սարսափելի ՃՏՊ-ի մասին նրան հիշեցնում են միայն մարմնի վրա կարերը և վիրակապը:
«Ես շնորհակալ եմ Աստծուն և բժիշկներին, որ ինձ երկրորդ կյանք են պարգևել: Դա հրաշք է, որ ես ողջ եմ մնացել», - ասում է Ալեքսանդր Անտոնյանը: