Այն, որ Հայաստանում կրթության ոլորտը միշտ էլ գտնվել է հանրային ուշադրության կիզակետում, հայտնի իրողություն է:
Սրա գլխավոր պատճառը, թերևս, հայերիս ուսումնատենչությունն է, որով միշտ էլ աչքի է ընկել մեր ազգը: Կրթության ոլորտն այն ռազմավարական բնագավառն է, որում տեղի ունեցող գործընթացներից է կախված նաև մեր երկրի վաղվա օրը. կրթված մարդը 21-րդ դարում շատ ավելին արժե, քան՝ էներգակիրների միլիոնավոր բարելներն ու խորանարդ մետրերը:Կոռուպցիան, որ մշտապես բնութագրական է եղել և մեր երկրին, ցավոք, ախտահարել է նաև այս ոլորտը, ինչի արդյունքում նաև' այլևս ակնհայտ է դարձել հասարակության կրթական ցենզի անկումը. չնայած այսօր լիարժեք կրթություն ստացածների թիվը էապես գերազանցում է չկրթվածների քանակը, սակայն միշտ չէ, որ անհատի ունեցած գիտելիքները համապատասխանում են դիպլոմում ֆիքսված գնահատականներին:
Պարզվում է՝ հայրենի կառավարությունը որոշել է «անզիջում» պայքար ծավալել կրթության ոլորտում արմատացած կոռուպցիայի դեմ:
Այդ նպատակով կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության ոլորտում 2015 թվականի ընթացքում իրականացված և 2015-2016 թթ. նախատեսված միջոցառումները: Թե որքանով է անկեղծ կառավարության այս ձգտումը, ցույց կտա ժամանակը, բայց որ այստեղ անելիքները ահռելի են, վկայում են նույնիսկ սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասաիրությունները:
Պարզվում է կոռուպցիայի ժանտով ավելի շատ ախտահարված է երկրի բուհական համակարգը, ուր այդ պախարակելի երևույթը, ենթարկվելով յուրատեսակ էվոլյուցիայի, դրսևորվում է բազմաթիվ կերպերով: Նմանատիպ դրսևորումներից մեկը բուհերի ինքնավարության խնդիրն է: Ստացվել է այնպես, որ բուհերի կառավարման խորհուրդներում կառավարությունը բավականին մեծ ներկայացվածություն ունի, ինչը թույլ է տալիս, որ բոլոր կարևոր որոշումներում արտաքին հստակ ազդեցություն լինի. օրինակ' ռեկտորի ընտրություն, բյուջեի հաստատում, ցանկացած այլ կարևոր հարց, որպես կանոն, լուծում չի ստանում'առանց իշխանությունների «դաբրոյի»: Սա երևույթ է, որի արմատները շատ խորն են թաղված. այն քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, որով իշխանությունները ուղղակիորեն օգտագործում են իրենց լծակները' ակադեմիական հանրության նկատմամբ որոշակի վերահսկողություն սահմանելու համար:
Այս տարիների ընթացքում զարգացում է ապրել նաև բոլորիս հայտնի կաշառակերության համակարգըˋ ուսանողի և դասախոսի միջև. անհատների միջև տեղի ունեցող կոռուպցիոն գործարքը վերաճել և դարձել է անհատի ու համակարգի միջև կոռուպցիոն համաձայնության: Եթե նախկինում, օրինակ, ուսանողները դասախոսների հետ էին համաձայնության գալիս, կաշառքի միջոցով գնահատական ստանում, ընդունվում, հեշտ ավարտում, ապա հիմա արդեն բուհերը շատ դեպքերում իրենք են շահագրգռվածություն ցուցաբերում' ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով' շահագրգռված լինելով մեծաթիվ ուսանողներ ունենալու հարցում:
Այն, որ այս տարիների ընթացքում ընդունելության շեմը գնալով նվազեցվում է, հենց դրա արդյունքն է: Ստացվում է, որ համակարգն ինքը կոռուպցիոն գործարքի կողմնակիցն է. փաստացի աչք է փակվում կրթության որակի անկման վրա միայն այն բանի համար, որ կայուն ֆինանսական մուտքեր ապահովվեն համապատասխան կրթօջախներ: Թե Աշոտյանի կողմից հնչեցրած զեկույցները որքանով իրական կապ ունեն այն իրականության հետ, որը տիրում է համակարգում, թողնում ենք յուրաքանչյուրիդ դատին, սակայն նշենք նաև, որ ակնհայտ էˋ ոչ մի կառավարություն և նախարարություն չի կարող համակարգում տիրող կոռուպցիան արմատախիլ անել, եթե դրանում կրթական գործընթացի մյուս մասնակիցները, հատկապես բուհական համակարգում, շահագրգիռ չեն:
Բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների իրականացմամբ պետք է նպատակ դրվի'ստեղծելու այնպիսի մեխանիզմ, որի պարագայում ուսանողն ինքը հրաժարվի արատավոր հարաբերություններից:
Այսօր կոռուպցիայի գաղափարաբանական պատճառներից մեկն էլ այն է, որ ուսանողի համար գիտելիքը դեռևս ապագա բարեկեցության երաշխիք չէ, ինչն էլ, ըստ էության, ոչ մի կերպ չի կարող խթանել նրա մոտ հավանական շահագրգռվածությունըˋ ձեռք բերելու գիտելիքների այնպիսի մակարդակ,որը թույլ կտար նրան վաղն ունենալ իր երազած աշխատանքը, քանի որ բոլորիս է հայտնի, թե Հայաստանում լավ աշխատանք ունենալու համար ինչ է ամենից շատը հարկավոր. ծանոթ ու մի փեշ փող:
Դավիթ Բաբանով