Արդեն 25 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը սրտնեղում է, որ հիմա իր առողջական վիճակի հարցն ավելի շատ է քննարկվում, քան այն քաղաքական, քաղաքացիական պահանջները, որոնք ընկած են հացադուլի դիմելու հիմքում: Բայց դա բնական է: Նախ' որևէ բանական մարդու չի կարող չմտահոգել հացադուլ հայտարարած մեկ այլ մարդու առողջությունը' անկախ նրա պահանջներից: Դա հումանիզմի հարց է: Եվ երկրորդ' հացադուլի հիմքում հենց առողջության քայքայման սպառնալիքն էլ դրված է, և եթե այն չի մտահոգելու մարդկանց, այն շրջանակներին, որոնց ուղղված է այդ ակցիան, ապա բացարձակապես իմաստազրկվում է պայքարի այդ ծայրահեղ միջոցին դիմելը:
Հետևաբար, խնդիրը բոլորովին այն չէ, թե ինչու է թեկնածուի առողջությունն ավելի կարևորվում: Այլ այն, թե ինչու առհասարակ չեն կարևորվում նրա ներկայացրած քաղաքական պահանջները: Իսկ դա ունի երկու հիմնական պատճառ: Առաջինն այն է, որ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրել է պահանջներ, որոնք գործնականում կատարման ենթակա չեն, որովհետև դրանք զուտ իրավական առումով ուղղված են այլ անձանց, տվյալ դեպքում՝ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրվելու իրավունքի դեմ:
Երբ ԿԸՀ-ի առջև պահանջ է դրվում չեղյալ հայտարարել նրա թեկնածության գրանցումը, այսինքն՝ արգելել Սերժ Սարգսյանին վերընտրվել, պետք է ներկայացվեն այնպիսի իրավական հիմքեր, որոնք կարող են ԿԸՀ-ի այս կամ այն որոշումը առնվազն դատական վիճարկման առարկա դարձնել: Հակառակ դեպքում յուրաքանչյուրը կարող է պահանջել յուրաքանչյուրի չգրանցումը' առանց հիմնավորելու իր պահանջը: Չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է ապացուցել կամ գոնե վիճարկելի դարձնել Սերժ Սարգսյանի կողմից ընտրությունները կեղծելու հանգամանքը, չնայած այն բանին, որ նախորդ բոլոր ընտրություններն անցել են կեղծիքներով, իսկ ընտրված նախագահի լեգիտիմությունը, զուտ հասարակական ընկալման և վստահության տեսանկյունից, չափազանց խոցելի է եղել:
Ընտրությունները ֆիկցիա են դարձնում ոչ թե այս կամ այն, նույնիսկ իշխանության թեկնածուի' այդ ընտրություններում մասնակցելը, այլ այն ամբողջ ենթահամակարգը, գործիքակազմը, որոնք օգտագործվում են ընտրությունների կանխորոշվածությունն ապահովելու համար: Պատահական չէ, որ 2008-ի ընտրություններին հացադուլի դիմողներ չկային, թեև այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ սեփական թեկնածուին անցկացնելու համար իշխանական համակարգը դիմելու է կեղծարարության շատ ավելի կոշտ ու բիրտ միջոցների: Ինչու՞, որովհետև այն ժամանակ կար մրցակցություն, և այդ մրցակցությունը պարտադրում էր Տեր-Պետրոսյանի շուրջ ի հայտ եկած նոր որակի ընդդիմությունը հասարակության լայն աջակցության միջոցով:
Ահա թե ինչու ստացվում է, որ Ղուկասյանը հիմա ոչ այնքան հացադուլ է անում իմիտացիոն ընտրությունները կանխարգելելու, որքան խորքային իմաստով' այլընտրանքային թեկնածու չլինելու պատճառով: Ի վերջո պարզ է, որ եթե ինչ-որ հրաշքով Սերժ Սարգսյանի թեկնածությունը հանվի' ի կատարումն Ղուկասյանի պահանջի, ապա նոր ընտրություններում իշխանությունը իր նոր թեկնածուին է առաջադրելու' նրա օգտին ունեցած վարչական, քրեաօլիգարխիկ ու կազմակերպչական ռեսուրսներն օգտագործելու նույն պատրաստակամությամբ: Ինչ է' այն ժամանակ Ղուկասյանը նորի՞ց է դիմելու հացադուլի: Եվ առհասարակ, ինչպե՞ս կարող է որոշվել' ով է իշխանության թեկնածուն, ով' ոչ: Սա սկզբունքային սխալ է, որն ընկած է Ղուկասյանի պահանջների հիմքում, դրա համար էլ այն հասարակական աջակցություն չի ստանում ու չի քաղաքականանում:
Երկրորդ պատճառը բխում է նախորդ մտքից: Որպեսզի առաջին պլան մղվի ոչ թե առանձին վերցրած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի, այլ առաջարկած պահանջների հարցը, թերևս անհրաժեշտ էր, որ նա ԳԱԱ-ի առջև վրանում մենակ չլիներ: Այսինքն՝ ոչ միայն այդ պահանջների արդարացիության ու ճշմարտացիության հետ համամիտ կողմնակիցներ լինեին, այլ նաև նույն մեթոդով դրանց կենսագործման համար պայքարելու պատրաստակամ ուժեր կամ քաղաքացիներ: Որևէ պահանջ դառնում է քաղաքական այն պահին, երբ դա անձնականից վերածվում է համահասարակականի: Որքան էլ խորքային իմաստով Ղուկասյանի բողոքն արդարացի է, նրա պահանջներն ընկալվում են որպես մասնավոր, քանի որ դրանց համար միայն նա ինքն է պայքարում: Դրա համար էլ հացադուլը քաղաքական պրոցեսի, շարժի չի վերածվում: Որևէ իշխանություն հակված կամ պարտադրված է լինում որևէ քայլ կատարել կամ մտադրվածից հրաժարվել միայն այն ժամանակ, երբ գործ է ունենում ոչ թե մեկ անձի, այլ հանրույթի կազմակերպված բողոքի հետ:
Մյուս կողմից' եթե դա քաղաքական ակցիա է, ապա պետք է առնվազն ենթադրի տրամաբանական հետևանքներ կամ հետագա գործընթացների տեսլական: Մինչդեռ այս հացադուլի պարագայում դրանք տեսանելի չեն: Երբ 2008-ին Տեր-Պետրոսյանը գալիս էր ասպարեզ, նա առաջարկում էր իր պլանը կենսագործելու կոնկրետ ծրագիր' ինչից հետո ինչ է լինելու և ինչպես: Դա էր պատճառներից մեկը, որ այդքան արագ և այդքան հաջող կերպով կարողացավ հասարակական շարժում առաջացնել: Ղուկասյանը դա չի կարող անել, որովհետև նրա քայլերը ծրագրավորված չեն ու չունեն պատճառահետևանքային ընդհանուր պլատֆորմ: Հենց սա էլ նրան հեռացնում է այսպես կոչված տեղական Մահաթմա Գանդի լինելուց, որքան էլ փորձեն այս կարգի համեմատություններ անցկացնել:
Սակայն Ղուկասյանի այս ակցիան բոլորովին այլ ուղղությամբ մտորելու տեղիք է տալիս: Գուցե զուտ պահանջների ձևակերպման, ծրագրային մոտեցում չցուցաբերելու առումով Ղուկասյանն անփորձություն կամ շտապողականություն է ցուցաբերել: Սակայն հացադուլի անցած 24 օրերը ցույց տվեցին, որ չկա ընտրված մեթոդի համատեքստում այդ սխալները կամ թերություններն ուղղելու և պայքարն ավելի հղկված ու հետևողական մղելու, այն քաղաքականի վերածելու հանրային ու քաղաքական ընկալումը: Անձնազոհությունը, որն ընկած է Ղուկասյանի ընտրած մեթոդի առանցքում, չի ընկալվում որպես քաղաքական կատեգորիա և պահանջատիրության ատրիբուտ: Փաստացի թե՛ Ղուկասյանին և թե՛ հանրությանը հասկանալ են տալիս, որ չկան սեփական կյանքը բարելավվելու, իշխանությունը վերադարձնելու նպատակի համար անձնազոհ քաղաքացիներ և քաղաքական ուժեր: Եթե դրանք լինեին, Ղուկասյանը գուցե մենակ չլիներ կամ նրան զուգահեռ հացադուլի, այլ տիպի ակցիաների դիմողներ լինեին: Եվ սա ոչ միայն զարմանալի է, այլև չափազանց տխուր:
Ընդամենը 5 տարի առաջ մարդիկ հանուն ինչ-որ գաղափարի 10 օր շարունակ վրանային նստացույցերից դուրս չէին գալիս և պատրաստ էին դուրս չգալ այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Այդ օրերին 10 զոհ արձանագրվեց, և անկախ հանգամանքներից' դրանք քաղաքական ու քաղաքացիական պայքարի զոհասեղանին դրված զոհեր էին: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան գաղափարաբանությունը մոգական ազդեցություն թողեց: Այդ ժամանակ իշխանությունը, թերևս, հասկացավ, որ նույն կերպ, ժողովրդի, քաղաքացու նկատմամբ նույն ապատիայով ու ցինիզմով շարունակել չի կարող:
Այսօր, սակայն, պարզվում է' անձնազոհությունն այլևս կատեգորիա չէ, պայքարի արդյունավետ ձև չէ: Արդյոք սա՞ չէ պատճառը, որ իշխանության թեկնածուն իրեն այսքան ազատ ու անբռնազբոս է զգում շարքային քաղաքացու հետ սովորական խոսակցության ժամանակ, իրեն թույլ տալիս իր կարգավիճակին ոչ հարիր բառապաշար: Եվ դա այն թեկնածուն է, ով 2008թ. համերաշխության, միասնականության կոչեր էր անում, ով թերևս ամենազուսպն էր իր քաղաքական հայտարարություններում ու վարքագծում:
Սա թույլ է տալիս երկու եզրակացություն անել: Նախ' ոչ թե տեղի է ունենում քաղաքական դաշտի ընդհանրական մարգինալացում, այլ առհասարակ՝ թե՛ հասարակական և թե՛ քաղաքական մակարդակներում կորչում է քաղաքական իրավունքների համար պայքարելու անհրաժեշտության ընկալումը: Բացառությամբ Սերժ Սարգսյանի' բոլոր թեկնածուները պնդում են, որ ընտրությունները կեղծվելու են: Բայց չնայած դրան' շարունակում են պրոցեսի մեջ մնալ խաղի այն կանոններով, որոնք թելադրվում են իշխանության կողմից: Ինքնամեկուսացումը, պատասխանատվությունից հրաժարվելը, որոնք բնականորեն հակասում են պայքարելու տրամաբանությանը, այսօր համարվում են միանգամայն օրինաչափ երևույթներ և արձագանք հաստատված իրողություններին:
Երկրորդ' քաղաքական իրավունքները դեռևս քաղաքական պայքարի մոտիվացիա չեն: Զարմանալի է, որ երբ Անդրիաս Ղուկասյանը պայքարում էր Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ, նրա բրիգադում բազմաթիվ ակտիվիստներ կային: Երբ բնապահպանական շարժումներ են կազմակերպվում Թեղուտի, Խոսրովի արգելոցի և այլ բնապահպանական խնդիրների առնչությամբ, հնարավոր է լինում Կառավարությանը մղել զիջումների: Բայց Հայաստանում քվեն պաշտպանելու, վերահսկելիություն ապահովելու համար, որը փաստացի մնացած բոլոր իրավունքների նախահիմքն է, այդ պայքարը, չգիտես ինչու, միշտ ձախողվում է...