«Նոր Հայաստանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն իրենց՝ արդեն բավականին փոքրաթիվ համակիրներին հերթական հույսը տվող հայտարարությունն է արել՝ ասելով, որ այս տարի իրենք հաղթելու են, և որ իրենց լինելիությունն արդեն բավարար է, որ իրենք համակարգը փլուզեն: Այնուհետև Սէֆիլյանն ավելացրել է, որ թեպետ իրենք քիչ են Ազատության հրապարակում, բայց «ժողովրդի ներկայությունն այստեղ է...»:
Որքան էլ փորձում եմ հասկանալ նորհայաստանական «հաղթելու» այս մեխանիզմը, ոչ մի կերպ չի ստացվում: Այսինքն՝ ի՞նչ, հաղթելու և իշխանություն փոխելու համար հարկավոր է ընդամենը լինե՞լ, և հաղթանակն ինքն իրեն կգա՞, իշխանություններն էլ իրենց աթոռները կազատեն և կասեն՝ համեցե՞ք: Եթե հարցն ընդամենը լինելու մեջ է, ապա Սէֆիլյանն ու իր կողմնակիցներն, իսկապես, կան և արդեն բավականին ժամանակ է, ինչ կան: Իսկ մանավանդ վերջին 2 ամսվա ընթացքում նրանց ամեն օր կարելի է տեսնել Ազատության հրապարակում՝ իրենց «կիսավրանում» 4-5 հոգով նստած: Որոշ օրերին էլ, երբ առիթ կա, ինչպես օրինակ հունվարի 13-ին էր՝ հին Նոր տարվա օրը, 4-5 հոգին կարող է դառնալ 10, 20, 30 մարդ, երբեմն մի քիչ էլ ավել կամ պակաս:
Այսինքն՝ խնդիրը լինելու մեջ է, և նրանք փաստացի կան, բայց արի ու տես, որ իշխանությունն այդպես էլ չի փոխվում: 2015-ի ընթացքում չփոխվեց, 2016-ին էլ նրանք կան, ու էլի իշխանությունը չի փոխվում: Ինձ թվում է՝ 2017-ին էլ կլինեն, ու չի բացառվում, որ նույնիսկ 23-րդ դարում էլ նրանց հետևորդները լինեն, բայց այդ լինելիությամբ իշխանությունն այդպես էլ չի փոխվի, քանի որ աշխարհում երբեք ոչ ոք իշխանություն փոխելու նման մեխանիզմ ո՛չ տեսել է, ո՛չ էլ լսել:
Ինչ վերաբերում է Սէֆիլյանի այն պնդմանը, թե իրենք քիչ են, բայց «ժողովրդի ներկայությունն այստեղ է», ապա այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա, քանի որ կա գործողությունների պահանջարկի չափման հստակ սիստեմ՝ եթե որևէ գործողություն, տվյալ դեպքում՝ իշխանափոխությունը տվյալ խմբի կողմից կամ նույն խմբի կողմից որևէ այլ գործողություն կամ միջոցառում իսկապես որ պահանջված է ժողովրդի կողմից, ապա հավատացեք՝ ժողովուրդը կգա այդ միջոցառմանը, և Ազատության հրապարակում 4-5 մարդու փոխարեն կլինի 4-5 հազար մարդ կամ նույնիսկ ավելին: Ամռանն Էլեկտրաէներգիայի դեմ պայքարի ակցիաների մասնակիցներին հազարներով կարելի էր հաշվել, որովհետև դա պետք էր մարդկանց: Իսկ հիմա փաստը մնում է փաստ, որ այդ ժողովուրդ ասվածը չի գալիս «Նոր Հայաստանի» միջոցառումներին, չի գալիս, որովհետև իրենց դա հետաքրքիր չէ, այդ միջոցառումները պահանջված չեն: Ցանկացած նման միջոցառմանը ժողովուրդն ինքը տալիս է իր գնահատականը՝ իր մասնակցությամբ:
Այնպես որ՝ «Նոր Հայաստանի» այս հերթական «հաղթանակը» վերջինը չէր, դեռ շատ նման «հաղթանակներ» կլինեն, բայց համակիրների թիվը չեմ կարծում, թե արդեն շատ կնվազի, քանի որ էլ նվազելու տեղ չի մնացել:
Կարեն Վարդանյան