Հայտնի իսլամական ծայրահեղական՝ ծագումով Չեչնիայից Մուսլիմ Շիշանին, որը հյուսիսկովկասցիներից կազմավորված «Աջնատ ալ-Կովկաս» ստորաբաժանման հրամանատարն է, դիմել է ԻԼԻՊ-ին և աշխարհի բոլոր ահաբեկիչներին՝ ստեղծված իրավիճակում օգնելու կոչով, երբ խմբավորումը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ՝ ՌԴ ավիատիեզերական ուժերի և Սիրիայի բանակի գործողությունների արդյունքում:

 

«Ես դիմում եմ աշխարհի բոլոր մոջահեդներին և հատկապես նրանց, ովքեր այժմ Սիրիայում են: Ես չեմ զարմացնի ձեզ, դուք ինքներդ գիտեք, թե ինչ է կատարվում այստեղ: Մենք դեռ շատ փոքր տարածքի վրա ենք գտնվում այստեղ, և եթե նրանք (սիրիական բանակը՝ խմբ.) կմաքրեն այն նույնպես, ամբողջ Սիրիան կանցնի իրենց վերահսկողության տակ: Եվ, ամենայն հավանականությամբ, Սիրիայի բանակը մեզ դեպի անապատ կմղի, կմեկուսացնի և իրեն կվերադարձնի պետությունը»,- ասել է Շիշանին իր ուղերձում:

 

Ահաբեկչի խոսքով՝ նրանց վիճակը ներկա պահին մոտ է աղետի, այնպես որ, պետք է մոռանալ բոլոր տարաձայնություններն ու միավորվել ԻԼԻՊ-ին: Ինչպես նշել է Շիշանին, նրան անհրաժեշտ է ինչպես զինվորների, այնպես էլ ֆինանսական օգնություն: