«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաստատել է տեղեկատվությունը, որ համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին ստանձնելու է ծառայության թղթակից, Բաքվում ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քլունին, ով հայտնի է որպես բարդ ու աղմկահարույց գործերի պաշտպանությունը ստանձնող իրավաբան, NBC հեռուստաալիքի եթերում խոսել է ՄԻԵԴ-ում կայանալիք դատավարության մասին: Նա խոսել է նաեւ Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Խադիջա Իսմայլովան դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով 2015 թվականի սեպտեմբերին: Համաձայն դատավճռի «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը չարաշահել էր պաշտոնական դիրքն ու խուսափել հարկերի վճարումից: Խադիջան իրեն հասցեագրված մեղքը չի ընդունել եւ հայտարարել է, որ Ալիեւների ընտանիքն այդ կերպ փորձում է իրեն լռեցնել եւ ազատազրկմամբ վրեժ լուծել այն բանի համար, որ լրագրողը վերջին տարիներին բացահայտել է Ալիեւի ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բազմաթիվ բիզնեսների գործունեության, երկրում կոռուպցիայի եւ թալանի մասին: Իսմայիլովան բազմիցս հանդես է եկել զեկույցներով եւ միջազգային հարթակներում ներկայացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը: