Հունվարի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

 

 

Նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր և մարզային վարչությունների, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

 

Օրակարգում ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր:

 

 

Ոստիկանության 2015 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

 

 

Անդրադառնալով զեկույցում առաջ քաշված հիմնախնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորել է անձնակազմի պրոֆեսիոնալ որակների կատարելագործման և ստորաբաժանումների մշտական փոխգործակցության անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը խնդիրը մասնավորել է բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքերի օրինակով՝ նշելով, որ հենց պրոֆեսիոնալ պատվախնդրության և տարածքային բաժինների սերտ համագործակցության շնորհիվ տարեվերջին որակապես փոխվեց այդ ուղղությամբ տարվա ընթացքում արձանագրված անհանգստացնող պատկերը:

 

 

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման աշխատանքների արմատական բարելավման առաջնահերթությունը՝ նշելով, որ ցանկացած թերացում ու բացթողում այդ ոլորտում հանցագործություն է ապագայի հանդեպ, քանի որ թմրավաճառների թիրախում հայտնվում են հատկապես անչափահասներն ու երիտասարդները:

 

 

Ոստիկանության պետը ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջել է առանձնակի ուշադրություն դարձնել ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության ամրապնդման խնդրին:

 

 

Առանձնացնելով հատկապես արտաքին ծառայությունների գործունեությունն այս ուղղությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում:

 

 

2015 թվականին Ոստիկանության զորքերի գործունեության, բարեփոխումների ընթացքի և այլ խնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը:

 

 

Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել ոստիկանության զորքերի կատարելագործման ընթացքն ու հաշվետու շրջանում կատարված աշխատանքը:
Այնուհետև ոստիկանության պետի տեղակալները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները և առաջարկել դրանց լուծման միջոցներ ու եղանականեր:
Անդրադառնալով համակարգի բարեփոխման երկրորդ փուլի ընթացքին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծել է, որ դրական արդյունքը գերազանցապես պայմանավորված է նոր ոստիկանի ձևավորումով:

 

 

Ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել մարզային վարչությունների ու ենթակա բաժինների աշխատանքը՝ կարևորելով մշտապես բնակչության կողքին, նրա հոգսերին տեղյակ ու բոլոր միջոցներով աջակից լինելու անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը Երևանի կայազորի գործունեությունը գնահատել է մասնավորապես արտաքին ծառայությունների աշխատանքի օրինակով և ծառայությունը որակական նոր աստիճանի բարձրացնելու, հասարակության հետ աշխատանքը հետևողականորեն շարունակելու կոչեց իրավապահներին:

 

 

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստն ամփոփվել է տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումների ու ծառայողների պարգևատրման արարողությամբ:

 

 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով 2015 թվականի լավագույն ստորաբաժանում են ճանաչվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի և Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժինները:
Խրախուսանքների արժանացան նաև տարվա լավագույն ծառայող ճանաչված ոստիկանները: