Հավանաբար, շատերդ նկատած կլինեք, եթե իհարկե հաճախ եք մամուլ ընթերցում, որ ամեն անգամ, երբ սկիզբ է առնում պետական գնումների ժամանակահատվածը, այս կամ այն լրատվամիջոցներում տեղեկություններ են սկսում սպրդել, թե այս կամ այն պետական գերատեսչությունը որքան դրամի գնումներ է պատրաստվում անել, ինչ և ինչ քանակությամբ է այս կամ այն պարագայից պատվիրել, որքան գումար է նախատեսվում հատկացնել այդ նպատակով ու էլի նմանատիպ հետաքրքրաշարժ բաներ…
Ներկայումս, օրինակ, նույն այդ մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որոնցում բավական ուշագրավ տեղեկություններ են հաղորդվում, թե, ասենք, որ գերատեսչությունը որքան զուգարանի թուղթ է տարեկան օգտագործում, ինչ չափի նյութական միջոցներ է նախատեսում հատուկ գաստրոէնտերոլոգիական նպատակներով ծախսել և այլն: Եվ այսպես, համաձայն ակտիվորեն շրջանառվող տեղեկությունների՝ պարզվում է, որ, օրինակ, Հայաստանի կարևորագույն պետական գերատեսչություններից մեկում նախընտրում են անձնական հիգիենայի մասին հոգ տանել բացառապես 500 դրամանոց զուգարանի թղթերով։ Տարվա ընթացքում օգտագործվելիք զուգարանի թղթի քանակով էլ հատկապես աչքի է ընկնում Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ 2 հազար «ռուլոնի» պահանջ է ներկայացրել ՀԾԿՀ-ն, դրան էլ ուղիղ համեմատական է օդի թարմացուցիչների հայտը՝ 100 հատ, հատը՝ 4 հազար 200 դրամ։ Համեմատության համար նշենք, որ մյուս գերատեսչություններում, ի պատիվ իրենց, նախընտրում են բավարարվել 100-150 դրամանոց զուգարանի թղթերով:
Դե հիմա ասեք ինձ՝ ի՞նչ է սա, եթե ոչ պետական սուղ միջոցների բացահայտ թալան, շվայտության ևս մեկ վառ օրինակ, շվայտություն, որ սկսվում է ավարտվում է զուգարանում… Հետաքրքիր է, եթե ասենք, ինչ-որ մեկը իր «էլիտար» հետույքի մասին հոգ տանի ոչ թե թանկանոց զուգարանի թղթով, այլ սովորականներով՝ ոչ թանկարժեքներով, մի՞թե դրանից հետույքները պետք է նեղանան իրենց տերերից ու սկսեն, ասենք, ավելի քիչ արտաթորանք դուրս բերել օրգանիզմից, քան սահմանված է բնությամբ… Լա՛վ, մարազմն էլ, չէ՞, պետք է մի քիչ բարոյական լինի: Հետո էլ ցանկանում ենք երկրում սոցիալական ծրագրեր իրականացնել, խոսում ենք պետական միջոցները խիստ խնայողաբար օգտագործելու անհրաժեշտության մասին և այլն, և այլն: Սա՞ է խնայելու ձեր կարողության ապացույցը, մի՞թե հարկատուներիս հաշվին ձևավորած պետական միջոցները բառացիորեն զուգարան լցնելն է ձեր պատասխանն այն բազմաթիվ կարիքավորների աղերսներին, որոնց հաճախ ականատես ենք դառնում մենք: Դե հիմա ասե՛ք, թե քանի կարիքավորի կամ ունեզրկվածի հանապազօրյա հոգսեր կարելի կլիներ հոգալ, եթե ոմանք ավելի զուսպ գտնվեին ու, չգիտես՝ ինչ պատճառաբանությամբ, բյուջեից հավելյալ գումարներ չթռցնեին ու գրպանները չդնեին: Ա՛յ այսպես էլ ունեզրկվում ենք, ժողովո՛ւրդ ջան, ու դեռ մի բան էլ զարմանում, թե ինչու երկրում թոշակները չեն աճում, աշխատավարձերը չեն բարձրանում, ինչու արդեն տասնամյակներ ձգվող աղետի գոտու խնդիրները չեն լուծվում: Իսկ որտեղի՞ց և ինչպե՞ս լուծվեն, երբ նույն այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ դրամական միջոցները ծառայեցվում են հետույքներին… Լա՛վ, մեկը չկա՞ էս երկրում, որ էս ապօրինությունների դիմացն առնի: Երևում է՝ ոչ…
Դավիթ Բաբանով