Եթե մարդը հաճախ կորցնում է իրականության գիտակցությունը՝ դա արդեն կարելի է համարել քրոնիկ հոգեկան շեղում, հիվանդություն, և այդ մարդուն իր մտացածին աշխարհից հետ բերելը շատ դժվար է, երբեմն նույնիսկ՝ անհնարին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այնքան է մտովի խորացել իր ստեղծած երևակայական աշխարհում, որ իրականությունը պարզապես չի տեսնում: Չի տեսնում, թե ինչ է կատարվում իր երկրում, ինչ սպառնալիքներ կան քրդերից, ինչպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, և դրա հետևանքով որքան թուլացած է ինքը: Իրականությունը չգիտակցելով՝ Էրդողանը դեռ բարձրաձայն երազում է, թե նույնիսկ ունի այնքան ուժ և հնարավորություն, որ կարող է խոչընդոտել Ռուսաստանի ծրագրերը: Օրինակ, հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել... Կարծես թե, եթե Ռուսաստանն էլ իսկապես որոշի Սիրիայում նոր ռազմաբազա կառուցել, Թուրքիայից պիտի թույլտվությու՞ն վերցնի, կամ Թուրքիայի կարծի՞քը հարցնի: Եվ նման մանկամիտ մտածողության Էրդողանը դեռ հույս ունի դիմակայել իրեն նետված բոլոր մարտահրավերների՞ն...
Սպասենք ռուսական կողմի արձագանքին, եթե իհարկե, Պուտինն Էրդողանին այդքան «բանի տեղ դնի» արձագանքելու համար: Համենայն դեպս, եթե արձագանքեց՝ կարծում եմ, այդ արձագանքը Էրդողանի համար նվաստատուցիչ բնույթի կլինի:
Կարեն Վարդանյան