ՀՀԿ խմբակցության պատգամավորները մեկ-մեկ այնքան լավ բաներ են ասում, որ նույնիսկ լսողը կարող է ոգևորվել: Պարզապես մի այսպիսի առանձնահատկություն կա՝ որպես կանոն, նրանց ասածները մնում են զուտ ասած՝ իրականության չեն վերածվում: Օրինակ, Խոսրով Հարությունյանը կայքերից մեկին տված հարցազրույցում խոսելով «Գազպրոմ Արմենիայի» և Հայաստանում գազի կալորիականության մասին՝ ասել է, թե ««Գազպրոմ Արմենիան» պարտավոր է ամեն ամսվա միջին կալորիականության վերաբերյալ տվյալը հրապարակել»:
Միանշանակ ճիշտ է Խոսրով Հարությունյանը, այո՛, «Գազպրոմ Արմենիան» պարտավոր է: Բայց հարց՝ ինչո՞ւ չի անում: Մեր երկրում շատերն են շատ բան պարտավոր և իրենց պարտավորությունները չեն կատարում, որովհետև բացի պատասխանատվության զգացումից, երևի թե պատշաճ վերահսկողություն էլ չկա: Միգուցե նաև ասենք, որ իշխանություններն էլ պարտավոր են այդ վերահսկողությո՞ւնը սահմանել և պարտավորեցնել ընկերություններին՝ չմոռանալ իրենց պարտավորությունների մասին: Այնպես որ՝ Խոսրով Հարությունյանը, եթե իր ասածը վերաձևակերպեր, ապա այն ավելի տրամաբանական կհնչեր, մոտավորապես այսպես. «Մենք՝ իշխանություններս, պարտավոր ենք վերահսկել, որպեսզի «Գազպրոմ Արմենիան» ամեն ամսվա միջին կալորիականության վերաբերյալ տվյալը հրապարակի»:
Կարեն Վարդանյան