Դժգոհություններ, իհարկե, բոլոր դեպքերում կլինեն, սակայն պետք է փաստել, այսօր քաղաքապետարանն ու թաղապետարաններն անհամեմատ ավելի լավ կատարեցին ձնամաքրման աշխատանքները, քան ամանորյա օրերին, և այսօր մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը շատ ավելի լավ վիճակում են: Այսինքն՝ ամանօրյա օրերին բարձրացված հանրային դժգոհությունն ի վերջո տեղ հասավ և ստիպեց քաղաքային իշխանություններին ավելի զգոն լինել և ավելի պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքին: Դեռ հունվարի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դժգոհությունն էր հայտնել «Սանիթեք» ընկերությունից` թե' ձնամաքրման աշխատանքների հետ կապված, թե' աղբահանության, նաև զգուշացրել էր, որ կկիրառի խիստ պատժամիջոցներ: Եվ պատկերացրեք, որ որոշ չափով իրավիճակը կարգավորվեց. միայն նախորդ շաբաթվա ընթացքում չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված կազմվել է 35 վարչական արձանագրություն:
Տեսնո՞ւմ եք՝ երբ որ ուզում են, կարողանում են աշխատել: Մնում է՝ հանրային վերահսկողությունը չթուլացնել, որպեսզի քաղաքային իշխանություններն էլ իրենց հերթին իրենց ռիթմը չթուլացնեն: Եվ սա վերաբերում է ոչ միայն քաղաքային իշխանություններին:
Կարեն Վարդանյան