Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից ամեն դեպքում իմաստ ունի մեզ համար դրական ակնկալիքներ ունենալը՝ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների բնույթը, սակայն ամենադրականը թերևս այն եղավ, որ Իրանը պատրաստակամություն հայտնեց նաև միջնորդի դեր ստանձնել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:
Այս հանգամանքն իսկապես կարող է նպաստել տարածաշրջանում իրավիճակի որոշակի կայունացմանը, քանի որ Իրանն առնվազն պետք է շահագրգռված լինի այդ հարցում, հետևաբար՝ ջանքեր չխնայի միջնորդի դերն արդյունավետ կատարելու համար: Բանն այն է, որ պատժամիջոցներից ազատված Իրանը պատրաստվում է աշխարհի, մասնավորապես Արևմուտքի հետ շփվել արդեն նոր կարգավիճակով, իր տնտեսական ողջ հնարավորություններն օգտագործելով, ինչի նպատակն է նպաստել իրենց երկրի տնտեսության զարգացմանը, Իրանի հզորացմանը: Եվ այս հարցում Հայաստանն Իրանին Արևմուտքի հետ կապող ճանապարհներից մեկը կարող է հանդիսանալ:
Սա նշանակում է, որ Իրանի համար շատ կարևոր է, որ Անդրկովկասում լինի խաղաղություն, իսկ մասնավորապես Հայաստանը՝ կայուն վիճակում: Մնում է՝ հայկական կողմը կարողանա ճիշտ օգտագործել իրեն ձեռնտու այս ստեղծված պահը:
Կարեն Վարդանյան