Այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գազի խողովակի պայթյունից տուժած, Արարատի մարզի Այնթափ համայնքում բնակվող Պետրոսյանների ընտանիքի անդամները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ 8 հոգանոց այս ընտանիքն արդեն երրորդ տարին է՝ վարձով է ապրում: Դժբախտությունը վրա է հասել գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ ողջ ընտանիքը քնած է եղել: Մինչ գազատարի պայթյունն իրենք գազի սպասարկման ծառայությունից մարդկանց են հրավիրել, որոնք խոստացել են զբաղվել խնդրով, սակայն այդպես էլ չեն արել դա, իրենց զանգերի մասին էլ, որպես ապացույց կա հեռախոսակապի օպերատորի տրամադրած տեղեկատվությունը:

 

Մեզ պատմեցին, որ գազատարից գազը լցվել է տան փոքր տղայի ննջասենյակ, երբ նա փորձել է կրակայրիչը վառել հրդեհ է բռնկվել, այրվել է տղայի մարմնի 55%-ը, կրակին հաջորդել է պայթյունը, ինչի հետևանքով էլ պատերից մեկը փլվել է փոքր աղջկա վրա: Սկզբից կարծել են, որ աղջիկը մահացել է, սակայն հրաշքով փրկվել է և այսօր պաստառը ձեռքին բնակարան էր պահանջում:

 

Նախագահական նստավայրի մոտ ակցիա անցկացնող ընտանիքի մայրը, երկու դուստրերը, որդին պատմեցին, որ դատավարությունը ձգձգվում է․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հրաժարվում է բնակարանի համար փոխհատուցում տալուց։

 

Իրենք էլ եկել են և աջակցություն են խնդրում բարձրագույն իշխանություններից՝ հույս ունենալով, որ մի օր «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա կվերցնի ընտանիքին բնակարանով ապահովելու խնդիրը:

 

 Առավել մանրամասն՝ տեսանյութում