Հայաստանը միացել է Startup Europe Week 2016 նախաձեռնությանը, ինչը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:

 

 

Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

 

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:

 

 

Startup Europe Week 2016 Armenia -ն տեղի կունենա փետրվարի 5-ին, 10։30-15։30՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման թեմաներն են.

 

 

Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ,

 

Սոցիալական ձեռներեցություն,

 

Տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա,

 

Առկա ֆինանսավորման միջոցներ,

 

Պետական աջակցություն

 

Startup Europe Week 2016 Armenia-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը:

 

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: