ՀՀ Զինված ուժերը իր գոյության քառորդ դարյա հոբելյանին է մոտենում գլուխը բարձր պահած: Յուրաքանչյուր հայի' հպարտությամբ արտասանած «Հայկական բանակ» բառերի մեջ են ամփոփվում մեր պատմական երազանքները, դարերով կուտակված ռազմական գիտության ավանդույթները, հաղթանակի բերկրանքը: Հայոց բանակի ծննդյան 24-րդ տարեդարձին նվիրված համերգի բացման արարողության ժամանակ Հայաստանի Հանրապետության և Զինված ուժերի մարտական դրոշների ներքո այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «2015 թվականը ևս Հայոց բանակի համար ձեռքբերումների և առաջընթացի տարի էր, որի ընթացքում Զինված ուժերը կատարեց իր առջև դրված խնդիրը' վստահորեն ապահովելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունը: Տարին առանձնացավ սահմանագոտում ստեղծված աննախադեպ լարվածությամբ, հակառակորդի կողմից մեկը մյուսին հաջորդող դրվերսիոն գործողություններով: Հրետանու, հրթիռահրետանային կայանների ու անգամ տանկերի կիրառմամբ' հակամարտությունը թևափոխեց որակական նոր փուլ, ու միայն դիվանագիտական ու ռազնական ասպարեզներում ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անձնական ուղղորդմամբ, կառավարության որոշումների անշեղ կատարմամբ և միաժամանակ հայկական բանակի ստորաբաժանումների ներդաշնակ ու համակարգված գործողությունների շնորհիվ' առաջնորդվելով փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու նշանաբանով, մեզ հաջողվեց ժամանակին ու արժանի հակահարված տալ հակառակորդի բոլոր ոտնձգություններին»,-ասաց նախարար Օհանյանը:
Նրա խոսքով' 1994 թվականին կնքված հրադարարը չի վերաճում զինված ռազմական գործողությունների ոչ միայն հայկական բանակի ստորաբաժանումների մարտական բարձր պատրաստության, ժամանակակից սպառազինության, այլև հայ զինվորների ու սպաների նվիրումի, ջանքերի, ցավոք նաև նրանց կյանքերի գնով: «Այս տարի մենք կտոնենք Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության հռչակման 25-րդ տարեդարձը, որի անկախությունը կերտեց, պահպանեց ու պաշտպանեց հայկական բանակը, ուր այս տարի զորակոչվում են վերստին անկախ ու ինքնիշխան դարձած Հայաստանում ու Արցախում ծնված պատանիները: Նրանք Արցախյան պատերազմի կամավորների նման լավ գիտեն «հայրենիք» նվիրական բառի արժեքը: Նրանք նվիրյալներ են, ովքեր հավիտյան մեզ հետ են մեր շարքերում, նրանք անմահացան' զինվորական շարքերը վերածելով գաղափարականի և ոգեղենի»,-ավելացրեց Սեյրան Օհանյանը:
Նախարարը կոչ արեց մտովի անուն առ անուն հիշել ու խոնարհվել հին ու նոր օրերի բոլոր հերոսների սխրանքի առջև: