Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի քաղաքական և հասարակական սեկտորի մի շարք ներկայացուցիչներ կրկին քննարկման դրեցին այն հարցը, թե ճի՞շտ է արդյոք ընդունված այն սկզբունքը, որ ելնելով անվտանգության նկատառումներից՝ պետք է թաքցնել բանակի հետ կապված խնդիրները, չբարձրաձայնել դրանք: Նման հարցադրում առաջ քաշողները գտնում են, որ այդպիսի մոտեցումն իր մեջ վտանգներ է պարունակում և կարեղ է ծնել նոր հանցագործություններ: Ես կփորձեմ խուսափելով կատեգորիկ լինելուց՝ ներկայացնել իմ տեսակետը այս խնդրի վերաբերյալ:

 

Ես գտնում եմ, որ ելնելով այն հանգամանքից, որ մենք, կարելի է ասել, կիսապատերազմական վիճակում ենք, ունենք թշնամիներ, որոնք մեր անմիջական հարևաններն են երկու կողմերից, և համացանցի միջոցով մեր թշնամի պետությանը հասանելի են մեր էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումները. բանակի ներքին խնդիրները լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով բարձրաձայնելուց ամեն դեպքում ցանկալի է խուսափել, սակայն դա չի նշանակում, որ առկա խնդիրները պետք է անտեսել և թողնել, որպեսզի ավելի խորանան: Մասնավորապես՝ զինվորների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների, սպայական անձնակազմի կողմից օրինախախտումների, կոռուպցիոն դրսևորումների հետ կապված կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, սակայն ցանկալի կլինի, որ մենք մեր ներքին խնդիրները ինքներս, ներսում լուծենք՝ առանց հարևաններին դրանք ներկայացնելու: Այսինքն, ես պատկերացնում եմ այնպիսի մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա տարբեր կազմակերպություններին, շահագրգիռ անձանց ժամանակ առ ժամանակ հանդիպումներ, քննարկումներ անցկացնել Պն ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրենց մտահոգությունները, օրինախախտումների դեպքերը և հետևողական լինել, որպեսզի դրանք ստանան լուծում, սակայն այդ ամենը՝ առանց լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելու:

 

Ինչպես ասում են՝ յուրաքանչյուր ընտանիք կարող է ունենալ իր թերությունները, խնդիրները, սակայն հնարավորության դեպքում կարող է դրանք ինքնուրույն կարգավորել՝ առանց հարևաններին ի ցույց դնելու:

 

Կարեն Վարդանյան