Հակառակորդին սանձել չի ստացվում, նա շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Երկու օր առաջ' փետրվարի 12-ին, հակառակորդը դարձյալ կրակ բացեց Տավուշի շրջանի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար կորուստներ չունեցանք՝ հակառակ դեպքում մեր կողմից պատասխանը չէր ուշանա:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի փոքրիկները կրակոցների տակ են մեծանում, ինչպես պատմում են այս գյուղերի տարեցները' իրենց երեխաները քնում և արթնանում են կրակոցների ձայների տակ: Նրանք մեծանում են թշնամու հանդեպ ատելություն սերմանած, քանի որ հենց նրանք են իրենցից խլել մանկության հրաշալի օրերը, որ պետք է զգա յուրաքանչյուր փոքրիկ:
Բայց ինչ արած, հայը միշտ էլ եղել է իր հողի համար պայքարող ազգ, և մինչև օրս էլ պայքարում ենք մեր նախնիների արյան գնով ձեռք բերածը պահպանելու համար:
Հենց այս սրբազան հողի վրա մեծացող սերունդն է գիտակցում, որ հայրենիքի հանդեպ պարտք կատարելը յուրաքանչյուր հայ արու զավակի սրբազան պարտքն է: Բայց ինչ անել, երբ թշնամին հաճախակի է հիշեցնել տալիս իր գոյության մասին, ի՞նչ անել, երբ նա իրեն գազանի պես է պահում, նմանապես պատասխանե՞լ, թե լռել:
Պատմությունը ցույց է տվել, որ հայը զիջող է, համբերատար, բայց միչև երբ... Մինչև երբ մենք պետք է լռենք, միշտ սպասենք, որ հակառակորդն առաջինը գլուխ բարձրացնի և միայն նոր մտածենք պատասխանել, թե ոչ:
Սահմանամերձ գյուղերի բնակիչները հանգիստ չեն կարողանում շրջել գյուղում, քանի որ ամեն վայրկյան դիպուկահարի գնդակից կարող են ընկնել: Վերջին դեպքն էլ ցույց տվեց, որ բարեբախտաբար կարողացանք խուսափել զոհերից, ինտենսիվ հրաձգության հետևանքով վիրավորվեց մեկ հոգի' 22-ամյա զինծառայող, ում կյանքին Փառք Աստծո վտանգ չի սպառնում:
Զգալի եղան նյութական վնասները:
Կրակոցների հետևանքով պայթել է Չինարի գյուղի գազատար խողովակը, սակայն տեղաբնակներին հաջողվել է մարել հրդեհը և վերացնել վթարային վիճակը: Կրակոցներից տուժեց մեկ տուն և մեկ ավտոմեքենա:
Ի դեպ ավտոմեքենան երթևեկելուց է եղել, իսկ ուղևորների թվում են եղել նաև անչափահաս երեխաներ: Իսկ թե ինչ են զգացել այդ երեխաները և ինչ հետևանքներ կթողնի այդ օրը նրանց վրա' դա էլ դեռ պարզ չէ:
Մարզի գյուղապետերը հավաստիացրեցին, որ գնդակոծված Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում այսօր առավոտից վիճակը խաղաղ է' հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում:
Հայտնի է, որ հակառակորդն օգտագործել է տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: Աշխատել են նաև դիպուկահարներ: Պաշտպանության նախարարության հավաստմամբ, նման մասշտաբի հրաձգություն վերջին անգամ եղել էր մոտ վեց ամիս առաջ:
Այգեպար գյուղի գյուղացիները ստիպված են եղել պատսպարվել նկուղներում: Գյուղացիների խոսքով' նման դեպքերում պատկերացնում են, որ 93 թիվն է եկել, բոլոր տների լույսերը հանգցրած, մարդիկ՝ նկուղներում:
Պետք է նշենք, որ կրակոցները սկսվել են ուրբաթ օրվանից' փետրվարի 8-ից:
Ինչպես միշտ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է, ձեռնարկված են բոլոր քայլերը հակառակորդին զսպելու համար: