ՀՀ-ում կա 99 տարեկանից բարձր 196 ընտրող, 17 հասցե՝ ուր գրանցված են 100-ից ավելի ընտրողներ։ Ընտրացուցակներում առկա է 10 773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Հանրապետությունում առանց բնակության հասցեի 5 715 ընտրող կա, իսկ 49 843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա և ամսվա տվյալները:

Այդ են վկայում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված ՀՀ նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգը, որի նպատակն է ընտրական գործընթացը նկարագրող և օրենքով սահմանված մի շարք թվերի համադրման միջոցով վերհանել հնարավոր ռիսկերը:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացնելով այդ ցուցանիշներն, ասաց, որ նայելով այդ թվերին կարելի հայտնաբերել որոշակի ռիսկեր, բայց խախտումներ վերհանել հնարավոր չէ:

«Ընտրացուցակների հետ կապված խնդիրներ կան, քանի որ ստեղծվում է հնարավորություն բազմակի քվեարկության համար: Երբ կան Հայաստանից դուրս, բայց դեռևս Հայաստանում հաշվառված ընտրողներ, հնարավոր է, որ երբևէ մեկը նրանց տեղը քվեարկի: Բազմակի քվեարկության տարբերակ են ստեղծում անհասցե ընտրողները, այն ընտրողները, որոնց ծննդյան օրը և տարին նշված չեն»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Մոնիթորինգի ներկա փուլում վեր են հանվել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մշտական բնակչության և 2013 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ՀՀ ընտրողների ցուցակի ընտրողների թվերը:

Հետաքրքրական ցուցանիշներից է այն, որ 2001-2011թթ. մարդահամարի տվյալներով, ՀՀ մշտական բնակչությունը նվազել է մոտ 195 մարդով:

«Համեմատելով 2003-2013թթ. ընտրողների թվերը, արձանագրվում է, որ ընտրողների թվերն աճել են մոտ 202-ով: Ընտրացուցակներում առկա է 73 087 ընտրող, որոնք ծնվել են 1931 թվականից հետո և 5 613 ընտրող' ծնված 1995 թվականից հետո»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: