Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի տնտեսավարողների համար էական էներգակիրների՝ իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող գինը, և մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր»,- ասաց վարչապետը:
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ:
«Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- ասաց վարչապետը: