Վարդենիսցի պապիկի ադրբեջաներենի առիթով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե պետք չէ մոռանալ, որ ինքն էլ գիտե այդ լեզուն, շատերը ներկայացրին ոչ թե որպես հերթական «կիքս», այլ հանդուրժողության ակտ, որ ադրբեջանական անհանդուրժողության ֆոնին մատուցվում է միջազգային հանրությանը:
Հարց է առաջանում, թե ինչի համար էր այդ ակտը: Ինչու էր առաջացել դրա անհրաժեշտությունը, թե դա պարզապես էքսպրոմտ էր: Իսկ գուցե այդ դեպքում արժեր ոչ միայն հիշեցնել ադրբեջաներենի իմացությունը, այլ պարզապես մի երկու բան էլ խոսել հենց տեղում: Դա արդեն կարող էր ոչ միայն հանդուրժողության ակտ, այլ նույնիսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի հայտ լիներ, որն ամենայն հավանականությամբ կբավարարվեր:
Ադրբեջանի համեմատ խաղաղասեր երեւալու հայկական ձգտումը ուղեկցում է հետպատերազմական գրեթե ամբողջ ժամանակաշրջանը: Թե պաշտոնական մակարդակով, թե հասարակական շրջանակներով, փորձ է արվում անընդհատ, պարբերաբար ներկայանալ որպես առավել հանդուրժող, ալտրուիստ հանրույթ: Դա նույնիսկ ինչ որ առումով կարելի է որակել նաեւ «Լեոպոլդ կատվի սինդրոմ», որը տարածում է գտել պատերազմը հաղթած Հայաստանում:
Նույնիսկ երբ Ադրբեջանը հերոսացնում է հայ զինվորին կացնահարած մարդասպանին, Հայաստանը իր առաջ խնդիր է դնում շուտափույթ իրականացնել հանդուրժողության հերթական ակտը եւ «ամուսնական» հավատարմություն հայտնել բանակցային գործընթացի հանդեպ, երբ թվում էր, որ դա պետք է աներ «անառակ» Ադրբեջանը:
Դա ամենեւին չի նշանակում իհարկե, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ մրցի ռազմատենչության ակտերով: Բացարձակապես: Խնդիրն այլ է՝ ինչու ներկայանալ աշխարհին որպես հանդուրժող, եւ ինչպես ներկայանալ:
Այն, որ Ադրբեջանի եւ ադրբեջանցիների համեմատ մեր քաղաքակրթական տարբերությունը Հայաստանի համար կարեւորագույն զենք եւ գործիք է միջազգային ասպարեզում՝ հատկապես նյութական ռեսուրսների անհավասարության պայմաններում, քննարկման ենթակա չէ: Բայց Հայաստանում դրա իմաստը կամ միտումնավոր, կամ պարզապես ակամայից կարծես թե սխալ է հասկացվել, ընկալվել եւ դրսեւորվում:
Երբ փորձում ես ցուցաբերել ադրբեջաներենի իմացությունն ու դա արտահայտելու անկաշկանդ համարձակությունը՝ որպես հանդուրժողության եւ ալտրուիզմի օրինակ, իսկ երկրի ներսում քարոզարշավ իրականացնում մի մարդու ուղեկցությամբ, ով լրագրողներին սպառնում է ծնոտ կոտրելով, ապա հազիվ թե հանդուրժողության այդ ակտը ստանա քաղաքակրթական նշանակություն: Դա կարող է ընդամենը լինել անձնական խնդիրները լուծելու մանր փորձ, ոչ ավելի, որը պետական ռազմավարության հետ հեռավոր կապ անգամ չունի:
Քաղաքակրթական տարբերության, հանդուրժողության ակտերը նախ պետք է լինեն Հայաստանի ներքին սուբյեկտների միջեւ, որ իշխող կուսակցության Խորհրդի անդամ օլիգարխի թիկնապահները ռեստորանում մարդուն ծեծելով չսպանեն, իսկ հետո դատարանում նրա պաշտպանների եւ ներկայացուցիչների վրա հեգնանքով ժպտան, իսկ ավելի հետո էլ նախագահn այդ օլիգարխի ուղեկցությամբ գնա ֆուտբոլ դիտելու:
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի քաղաքակրթական տարբերությունը պետք է արտահայտվի Հայաստանում պետական, հասարակական կյանքի կազմակերպման, սուբյեկտների միջեւ փոխհարաբերության արդիական արժեհամակարգի ձեւավորման, Սահմանադրության եւ իրավականության անվերապահ գերակայության տեսքով, ոչ թե ադրբեջաներենի իմացության:
Այլապես, ներկայում փոխադարձաբար դրսեւորվող անզուսպ ռազմատենչությունն ու ինքնամոռաց խաղաղատենչությունը ծայրահեղության երկու տարբեր ծայրերն են, որոնք բերում են հավասարապես միեւնույն հետեւանքի: Պատերազմն անխուսափելի է դառնում այն ժամանակ, երբ մի ծայրում առկա ռազմատենչությունը մյուս ծայրում լրացվում է խաղաղատենչությամբ: