Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքագետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Սուրեն Սուրենյանցն արդեն 8 օր է՝ գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սուրենյանցի կինը՝ Արփին ասաց, որ հացադուլի և ջրադուլի պատճառը Սուրենյանցի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողություններն են: Սուրենյանցը դեռևս չի պատրաստվում դադարեցնել հացադուլն ու ջրադուլը:
Դեկտեմբերի 22-ի դատի ժամանակ դատավոր Արմեն Բեկթաշյանը չեղյալ է համարել որպես գրավ վճարված մեկ միլիոն դրամը, և հենց դատարանի դահլիճից կալանավորել են Սուրենյանցին՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
«Մենք հաջորդ օրը ցանկացանք մեր մուծած գրավը ետ վերցնել, որպեսզի գոնե տուժողների մի մասի գումարը փոխհատուցվի, սակայն մեզ այդ մեկ միլիոնը չեն վերադարձնում՝ պատճառաբանելով, որ պետք է վերաքննիչ դատարանից բողոքարկման պատասխանը ստանանք, նոր վերադարձնեն, բայց նման կարգ գոյություն չունի: Բազմաթիվ իրավաբաններից ենք հետաքրքրվել»,- ասում է Արփին և հավելում,- դեկտեմբերի 22-ից հինգ հետո օր հետո գործը պետք է ուղարկվեր Սուրենյանցին և դատապաշտպանին, որպեսզի կարողանայինք բողոքարկել վերաքննիչ քրեական, բայց իրենք չեն ուղարկում գործը»:
Մեր զրուցակիցն ասաց, 16 օր շարունակ ինքն անընդհատ զանգահարում է՝ ճշտելու արդյոք գործն ուղարկվա՞ծ է, թե՞ ոչ, սակայն աշխատակիցը՝ Գեորգին, անընդհատ հետաձգում է, իսկ հիմա արդեն չի պատասխանում զանգերին:
«Դատավորն անձնական թշնամանք ունի Սուրենյանցի հանդեպ, նա նույնիսկ հաշվի չառավ, որ Սուրենյանցն ընտանիքի միակ կերակրողն էր և իր հոգածության տակ ունի մանկահասակ երեխա»,- ասաց Սուրենյանցի կինը: