Հավանաբար, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում վերջին շրջանում հատկապես բուռն քննարկումների առիթ տվել ու շարունակում է տալ գազի գների հավանական փոփոխության մասին խոսակցությունները: Բանը հասել է նրան, որ որոշ մարդիկ նույնիսկ սկսել են նախապես հաշվարկել, թե, ասենք, գազի գների էժանացման պարագայում բնակարանների ջեռուցման ծախսի կրճատման արդյունքում ազատ մնացած միջոցները հատկապես որ ուղղությամբ են ուղղորդվելու:

 

 

Բայց մինչ ոմանք տարված են սեփական ուղեղներում անիրական թվացող պլաններ հյուսելով՝ Հայաստանում գազի գների թանկության հետևանքով տնտեսության մեջ նեգատիվ զարգացումների պակաս, կարծես չի զգացվում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում ջերմոցային տնտեսություններին, որոնք ներկայումս բավական լուրջ խնդրի առջև են կանգնած:



Ըստ տեղեկությունների՝ ջերմոցային տնտեսությունները լրջագույն ֆինանսական խնդիրների մեջ են հայտնվել, մասնավորապես, Կոտայքի մարզում, ուր որոշ ջերմոցներ կուտակել են լրջագույն պարտքեր՝ ի վիճակի չլինելով ժամանակին վճարել վերցրած վարկերի տոկոսադրույքները:

 

 

Ի դեպ, ստեղծված իրավիճակում մի շարք ջերմոցատերեր մեղադրում են ավելի շատ հայաստանյան իշխանություններին, քան ռուսներին. նրանք չեն սխալվում: Ստեղծված իրավիճակում ամենամարազմատիկը, սակայն, այն է, որ մի ողջ հայություն այդպես էլ մինչև վերջ չի կարողանում ստանալ մի պարզ հարցի սպառիչ պատասխան. հատկապես ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնապես Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 165 դոլարով, իսկ գազասպառողներին նույն այդ գազը հասնում է 320 դոլարով:



Իհարկե, մերոնք այս ամենի բացատրությունն ինչ-որ կերպ փորձում են տալ՝ իրենց խոսքում շեշտադրելով հատկապես ռուսական գործոնը, բայց պարզից էլ պարզ է, որ ստեղծված անհեթեթ իրավիճակի հիմնական պատճառը ներհայաստանյան է: Այդ մասին նույնիսկ սկսել են ակնարկել մի շարք ռուս տնտեսագետներ, ովքեր վստահ են, որ թանկացման բուն պատճառը միջնորդ օղակների աշխատանքի մեջ առկա անբարեխիղճ գործելաոճն է. նրանք մարժան խիստ բարձր են պահում, որի տրամաբանությունը դուրս է ցանկացած տիպի տնտեսագիտական տրամաբանությունից:

 

 

Հաշվի առնելով մեր երկրում իշխող ինչ-ինչ կարգեր՝ կարելի է պնդել, որ առանց «վերևների» կոնկրետ թույլատվության, որևէ միջնորդ օղակ չէր կարող իրեն նման բան թույլ տալ ու ուզած չափով գազի գին բարձրացներ: Ուրեմն՝ խնդիրը նախևառաջ մեր մեջ է, այլ ոչ թե ռուսների, ինչպես պնդում են հակառուսական հայացքներով հայտնի որոշ գործիչներ:

Դավիթ Բաբանով