Հիշո՞ւմ եք այն ժամանակները, երբ Հայաստանում օտարերկրյա վարկերի ներգրավման մասով իսկական սով էր տիրում. մեր երկիրը, ելնելով մի շարք հանգամանքներից, չէր շտապում դիմել այս կամ այն միջազգային կազմակերպություններին, վարկատու կազմակերպություններին՝ պարտք վերցնելու խնդրանքով: Հետագայում հասկանալով, որ առանց վարկեր վերցնելու՝ երկրի տնտեսությունը «յոլա» տանելն այլևս անհնար է դառնում, կառավարությունն ստիպված որոշակի փոփոխություններ մտցրեց իր տնտեսական քաղաքականության մեջ՝ շեշտադրելով դրսից հնարավորինս շատ ֆինանսներ ներգրավելու իր պատրաստակամությունը:

 

 

Արդյունքում՝ չնայած հիմնականում հենց այդ վարկերի շնորհիվ մեզ հաջողվեց փրկել տնտեսությունն անխուսափելի թվացող կոլապսից, սակայն դրա արդյունքում երկրի արտաքին պարտքը հասավ ավելի քան 5 մլրդ դոլարի, ինչը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի գրեթե կեսը:



Պարզվում է՝օրերս մերոնց կրկին հաջողվել է հերթական անգամ վարկ «կպցնել»՝ իբր էլէներգիայի հաղորդման ցանցի ավտոմատացման նպատակով. 13,6 մլն դոլար՝ ահա ճիշտ այսքան է Ասիական զարգացման բանկը որոշել տրամադրել մեր երկրին սույն նպատակով՝ վարկի մարման ժամկետ սահմանելով հաջորդ 25 տարին:

 

 

Չնայած ժամանակակից աշխարհում վարկ կարող են վերցնել գրեթե բոլոր երկները, մանավանդ վարկատուներն առանձնապես դեմ չեն աշխարհի երկրներում իրենց ֆինանսական ներկայությունն ուժեղացնելուն, սակայն ոչ բոլորին է հաջողվում նպատակային օգտագործել տրամադրված ֆինանսական միջոցները. Հայաստանը, ինչպես կռահում եք, հենց նման երկրների շարքում է: Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, պետք է ասենք, որ Հայաստանն այդպես էլ չի կարողանում էֆեկտիվորեն օգտագործել վարկային միջոցները հիմնականում երկրում կոռուպցիայի մակարդակի՝ բարձր լինելու պատճառով: Մեր իրականության մեջ ցանկացած տրամաչափի հայ չինովնիկ իր սրբազան պարտքն է համարում հնարավորինս սեղմ ժամկետներում դասվել աշխարհի հարուստների շարքին, իսկ շատերն էլ այդ նպատակին փորձում են հասնել այդ թվում և վարկային միջոցները յուրացնելու ճանապարհով:

 

 

Այսպիսով՝ փաստացի ստացվում է, որ մեր կողմից հսկայական վարկային միջոցների ներգրավումը ծառայում է ընդամենը մեկ բանի. ուժեղացնում ենք միջազգային հանրության՝ Հայաստանի նկատմամբ ունեցած ճնշման ֆինանսական լծակները: Թե մինչև երբ ու որքան ենք շարունակելու այս անփառունակ քաղաքականությունը, այդպես էլ մնում է անորոշ: Սակայն մեզ համար պետք է պարզ լինի մեկ բան. պետական անկախությունն ինչ-որ վերացական հասկացություն չէ, այլ կոնկրետ վիճակ, որը հարկավոր է ամրապնդել ամեն օր շատ կոնկրետ գործողություններով, իսկ փող վատնելը, ինչպես հասկանում եք, չի կարող տեղավորվել անհրաժեշտ գործողությունների այդ ցուցակում…

 

 

Դավիթ Բաբանով