Թմրանյութերի անօրինական շրջանառության կասկածանքով մերձմոսկովյան Բալաշիխայի ոստիկանները ձերբակալել են ծնունդով Թբիլիսիից «օրենքով գող» «Շաքար» մականունով Զախար Ցուկյազովին, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
«Այսօր ժամը 17:00-ի շրջանում, օպերատիվ միջոցառումների արդյունքում Բալաշիխայում ստուգման համար ավտոմեքենա է կանգնեցվել, որում երկու ուղևորներ էին», - գործակալությանը հայտնել են ՆԳՆ-ում:
Նաև հաղորդվում է, որ մեքենայում բացի «Շաքար» մականունով «օրենքով գող» Զախար Ցուկյազովից գտնվել է Հայաստանի քաղաքացի Ուման Ավդոլյանը:
Իրավապահ գերատեսչության ներկայացուցչի խոսքով, տղամարդկանց մոտից կասկածելի նյութ է հայտնաբերվել, որը փորձաքննության է ուղարկվել:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Մերձմոսկվայում ՌԴ իրավապահները ձերբակալել էին «օրենքով գող» «Ջեմո» մականունով Ջամալ Միքելաձեին, ով ևս կասկածվում է թմրանյութերի շրջանառության մեջ:
ВЗГЛЯД-ի տեղեկություններով Ջամալ Միքելաձեն հանցավոր աշխարհում մինչ վերջերս «օրենքով գողի» կարգավիճակ ուներ և Ուսոյանի կլանի մեջ էր մտնում, սակայն Ասլան Ուսոյանի սպանությունից քիչ ժամանակ առաջ Ուսոյանը նրան պատվազրկել էր'զրկելով «գողի» կարգավիճակից:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, ձերբակալված Ջամալ Միքելաձեն այն «օրենքով գողերից» է, ում անունը շրջանառվում է Մոսկվայում սպանված Ասլան Ուսոյանի սպանության կազմակերպիչների շարքում: