ՄԻՊ պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արման Թաթոյանը, կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջնային է անհատական բողոքների քննարկումն ու բարձրացված հարցերին լուծումներ առաջարկելը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց Արման Թաթոյանը:

 

Ըստ նրա՝ պարտադիր է օմբուդսմենի անհանդուրժողականությունը մարդու իրավունքների ցանկացած խախտման նկատմամբ, իսկ արված քննադատությունները չպետք է լինեն ինքնանպատակ, պետք է պարունակեն լուծումներ:

 

«Իր գործունեության ընթացքում պաշտպանը պետք է որդեգրի երկխոսության ճանապարհը, որովհետև այս ինստիտուտը վեր է գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններից և կարող է կապող օղակ հանդիսանալ բոլորի համար»,- ասաց Թաթոյանը: