Վիեննայում կայացած համաձայնությունից և արդեն վերջերս Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացումից հետո Իրան- Հայաստան հարաբերությունները նոր որակի փուլ են թևակոխել: 

 

Բայց պետք է նկատել, որ վերացվել է միայն միջուկային ծրագրին առնչվող պատժամիջոցների փաթեթը և կան այլ պատժամիջոցների փաթեթներ, որոնք ԱՄՆ-ն կիրառում է եվրոպական առանձին երկրների հետ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ նոր հարաբերություններ են սկսվում տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում:

 

Մեր այն հարցին, թե ի՞նչ էր իրենից ենթադրում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսի այն խոսքերը, թե «Հայաստանը լիարժեքորեն հարգել է Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները», չնայած նրան, որ դա «Հայաստանի տնտեսության համար գին է ունեցել», իրանագետը պատասխանեց.

 

«Ընդհանուր առմամբ ԱՄՆ դեսպան Ռ. Միլսի դիտարկումը բավականին ուշագրավ էր այն առումով, որ դիվանագիտական լեզվով արված ձևակերպումների մեջ հետաքրքիր տեղեկատվություն կա: Խոսքը վերաբերում է հատկապես այն հանգամանքին, որ իրականության մեջ ԱՄՆ դեսպանն ընդունում է, որ Հայաստանը վնասներ է կրել Իրանի հանդեպ պատժամիջոցների ռեժիմից, չնայած գնահատում է Հայաստանի դիրքորոշումը` հավատարիմ մնալով միջազգային հանրության գծած շրջանակներին: Եթե մեր երկիրը որոշակի վնասներ կրել է, ապա այժմ պետք է հնարավորություն ունենա առնվազն այդ վնասները փոխհատուցելու: ԱՄՆ-ն պրագմատիկ քաղաքականություն վարող երկրների շարքում է և հստակորեն կգիտակցի այս ասպարեզում մեր ունեցած շահը»:

 

Վարդան Ոսկանյանի կարծիքով`մենք ունենք բոլոր հնարավորություններն ապահովելու համագործակցության զարգացումը. «Կարծում եմ՝ համապատասխան քայլերը երկու կողմում էլ ձեռնարկվում են: Ինչպես իրանցիներն են ասում «քեզանից շարժում, Աստծուց` օրհնանք», այս սկզբունքի շրջանակներում այժմ կա շարժում, երկու կողմերն էլ ունեն պատրաստակամություն, ունեն կամք և առաջիկայում լրացուցիչ ուղղություններով այդ հարաբերությունները կզարգանան»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

 

Իրանագետը նկատում է, որ բացի համագործակցության ավանդական ոլորտներից այժմ բացվում է լավ հեռանկար Իրանի համար Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու և ապահովելու Հայաստանի միջոցով ելքը դեպի Սև ծով, հյուսիս և Եվրոպա:

 

«Կարևոր է նաև Իրանական ներդրումների հնարավորությունը Հայաստանում, քանի որ Իրանը ստանալով լրացուցիչ ֆինանսկան միջոցներ, հատկապես ապասառեցված գումարների տեսքով, կարող է դրանց որոշ հատվածը հատկացնել Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ»,- եզրափակելով իր խոսքն ասաց Վարդան Ոսկանյանը: