ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից ուզում եմ հատկապես առանձնացնել հետևյալ երկու նախադասությունները՝ «Հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»:
Իսկապես որ՝ ու՞մ են պետք այդպիսի պաշտոնյաները, քաղաքական գործիչները: Հոգնակիով եմ ասում, քանի որ նմաններն իրականում շատ են թե՛ իշխանական թիմում, թե՛ ընդդիմության շարքերում: Իրենց վստահված աշխատանքը պատշաճ կատարելու, քաղաքական, օրենսդրական գործունեությամբ զբաղվելու փոխարեն նրանք զբաղված են լրատվական դաշտում իրենց համար անձեռնմխելիություն ստեղծելու փորձերով, ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ հաճախ պաշտոնյան, ով նաև քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որևէ կայքից ու թերթից ապահովագրում է իրեն, բայց այդ նույն կայքն ու թերթը շարունակում են քննադատել իր մյուս թիմակիցներին: Այսինքն՝ յուրաքանչյուրը մտածում է նախ սեփական անձի բարօրության և հարմարավետության մասին՝ ստորադասելով նույնիսկ թիմային շահերը:
Ցանկալի է, որ նախագահի այս մտահոգությունը չմնա լոկ խոսքերի տեսքով, այլ վերածվի կոնկրետ փոփոխությունների, մինչև անգամ անարդյունավետ աշխատող պաշտոնյաների ու գործիչների փոփոխությունների՝ թեկուզ սկսած հենց իշխանական թիմից:
Կարեն Վարդանյան