Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 14-ին Դիլիջանում կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Տեղի բնակիչները որպես իրենց համայնքի ղեկավար ընտրել են ՀՀԿ-ի կողմից առաջադրած թեկնածու, համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանին:
Վերընտրված քաղաքապետը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրությունների ընթացքում որևիցե խնդիր չի առաջացել, ոչ մի բողոք չի արձանագրվել:
Մենք նկատեցինք, որ Արմեն Սանթրոսյանն արդեն 11 տարի է, ինչ ոչ ոքի չի զիջում իր պաշտոնը, հարցրինք քաղաքապետին՝ ինչպե՞ս է պատահել, որ այսքան տարի շարունակ ընտրվում է քաղաքապետ, կարծես «տոտալիտար» ռեժիմ է հաստատվել Դիլիջանում: Քաղաքապետը մեզ պատասխանեց. «Դուք եղե՞լ եք Դիլիջանում, որ գաք, տեսնեք, կիմանաք, թե ինչու է ժողովուրդն ինձ ընտրում»:
Խնդրեցինք քաղաքապետին իր նոր ծրագրերի մասին խոսել, թե ի՞նչ է նախատեսում անել պաշտոնավարման հաջորդ տարիներին, ով ասաց, որ այդքան երկար չի կարող խոսել.
- Խնդրում եմ, ինձ էլ հասկացեք էլի, այս քանի օրը, անկեղծ եմ ասում՝ հոգնել եմ, թույլ տվեք հանգստանամ էլի:
- Հուսանք՝ հոգնածությունը չի ազդի Ձեր պաշտոնավարման վրա:
- Հա, իհարկե, մի երկու օր կհանգստանամ ու կանցնեմ աշխատանքի:
- Պարոն Սանթոսյան, Ձեր գնահատմամբ՝ այսօր Ձեր ղեկավարած քաղաքը լա՞վ վիճակում է գտնվում:
- Շատ այլ քաղաքների համեմատ՝ այո: