Qahana.am-ի այս շաբաթվա հյուրն է ՀՀ ԶՈՒ ծառայող, մայոր Սարգիս Ստեփանյանը:

 

2014թ. հակառակորդի կողմից վիրավորված զինվորին չեզոք գոտուց դուրս հանելու հանձնարարությունը կատարելիս մայոր Սարգիս Ստեփանյանը վիրավորվեց՝ կորցնելով երկու ոտքն ու աջ ձեռքը: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալներով:

 

- Սարգիս, Ձեր ծնողները պատմել են, որ Ձեզնից առաջ երեք զավակ են կորցրել, ապա ուխտ են արել առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, հետո ծնվել եք դուք և անվանակոչվել սրբի անունով: Արդյո՞ք հավատում եք սրբերի բարեխոսությանը:


- Միանշանակ հավատում եմ: Հաճախ ենք ընտանիքով եկեղեցի գնում: Շնորհակալ եմ Աստծուն իմ յուրաքանչյուր հաջողության, լավ ընտանիքիս, զավակներիս, ձեռքբերումներիս համար: Դժվարություններ շատ կան մարդու կյանքում: Ես առավելագույնս հաղթահարում եմ դժվարությունները:

 

- Պատրաստակամորեն ծառայել և ծառայում եք հայրենքին, ազգին: Վիրավորվել եք, բայց չեք հանձնվել. ո՞րն է ձեր անկոտրում ոգու, զորեղ կամքի աղբյուրը:


- Մարդու էությունից շատ բան է գալիս: Ես չեմ կարող կոտրվել, թեև այս կարգավիճակում եմ հայտնվել: Եթե մարդ հոգով ուժեղ է, ուրեմն կարող է ցանկացած խոչընդոտ հաղթահարել: Ես ինքս ինձ ուժեղ մարդ եմ համարում: Մարդ չպետք է միայն իր համար ապրի, պետք է իր անձնական օրինակով, քայլերով պիտանի լինի, ծառայի: Երբ դժվարությունը գալիս է, չպետք է միանգամից հանձնվել, պետք է ունեցածով բավարարվել և ձգտել առավելագույնին: Վերջերս մի ֆիլմ դիտեցի Նավասարդ Սրբազանի մասին, որտեղ նա ասում էր, որ պարտադիր չէ ամեն ինչ հասկանալ, պետք է զգալ: Պետք է նվիրված լինել, և դա դրական ազդեցություն կունենա հայ ազգի, մեր զավակների, բոլորի վրա:

 

- Այժմ շարունակում եք ծառայությունը Զինված ուժերում, զբաղվում եք բազկամարտով, արդեն հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար. դա ներկայացվելու է Գինեսի գրքում: Ի՞նչ նոր հաջողությունների սպասենք:


- Կշռաքարը բարձրացրել եմ ութ անգամ, և այն արձանագրվել է Հայոց դյուցազնագրքում, իսկ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար հայտ եմ ներկայացնելու: Այս տարի բազկամարտի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեմ ու պատվով, բարձր ցուցանիշներով վերադառնամ. միայն թե Աստված առողջություն տա:

 

- Ձեր կյանքում ունեցել եք 113 պարաշուտային թռիչք: Կկիսվե՞ք Ձեր զգացողություններով՝ առանձնացնելով «ազատության» գաղափարը:


- Մեծ ցավ եմ ապրում, որ ներկա դրությամբ չեմ կարող թռիչք կատարել, բայց հուսով եմ, որ այս տարի կկատարեմ: Պարաշուտային թռիչքը կատարելու եմ Սևանի վրա: Ազատ անկումն անբացատրելի բան է… Մեծ արագություն, մեծ զգացողություն: Երբ ուղղաթիռից դուրս ես գալիս՝ ընկնում ես 1300 մետրից 1 վայրկյանում 40-45մ արագությամբ:

 

- Ձեր հայրն Արցախյան ազատամարտի ժամանակ ընտանիքի հետ Արցախում է եղել՝ կամավորագրված «Սասունցի Դավիթ» ջոկատին: Հայրական ո՞ր պատգամը կառանձնացնեք, որն այսօր փոխանցում եք Ձեր զավակներին՝ Վարդանին և Սերգեյին:


- Լավ ու պիտանի մարդ լինել, ներդրում ունենալ ազգի բարօրությանը՝ հայրենիքի նկատմամբ մեծ սիրով: Կուզենամ, որ ամեն մարդ իր հերթին ազգի համար այդ ներդրումն ունենա, զբաղվի հենց իր գործով:

 

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին և Զինված ուժերում ծառայող կամ նոր զորակոչվող երիտասարդներին:


- Խաղաղություն կմաղթեմ բոլորին: Թող մարդկանց հոգիներում խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն, մարդիկ զգոն լինեն և իրենց մասնագիտությամբ շատ զբաղվեն, հմտանան:

 

Խորհրդային Միության հերոս Ալեքսեյ Մարեսևը վիրավորվելուց հետո վերադարձավ իր ասպարեզ ու հաջողություններ գրանցեց օդային մարտերում: Ես ցանկանում եմ, որ Ձեր բոլոր առաջիկա նպատակներն ուղեկցվեն հաջողություններով ու հաղթանակներով:

 

Հարցազրույցը պատրաստեց Նարե Ոսկանյանը