Հանրությունն անհամբեր սպասում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի ստորագրմանը: Նույնիսկ մամուլում մի կողմից շրջանառում են, որ դա այսօր է լինելու, մյուս կողմից էլ՝ թե իբրև հետաձգվում է, քանի որ պորտֆելների մասով կողմերը դեռ համաձայնության գալ չեն կարողանում: Հիշեցնեմ, որ դեռ օրեր առաջ էինք հրապարակել, որ այդ հաշվով արդեն ամեն ինչ որոշված է, հայտնի են նաև ՀՅԴ-ական երեք նախարարների անունները, իսկ մնացածն ընդամենը սովորական գործընթաց է, և առանձնապես էական էլ չէ, թե որ օրը կստորագրվի կոալիցիոն հուշագիրը:

 

Քաղաքական կյանքում սա ոչ առաջին դեպքն է, երբ որևէ կուսակցություն կոալիցիա է կազմում իշխանական թիմի հետ, ոչ էլ՝ վերջին: Նման բաներ լինում են շատ երկրներում: Երեկ՝ ընդդիմություն էին, այսօր՝ իշխանական կոալիցիայի անդամ, վաղը՝ միգուցե նորից լինեն ընդդիմություն. ամեն ինչ հնարավոր է, որովհետև լինում են շահերի համընկնումներ ու բախումներ, կուսակցություններն ունենում են ծրագրեր, որոնք ցանկանում են իրականացնել՝ այդ թվում նաև իշխանությունների հետ համագործակցելու ճանապարհով: Սրանք ստանդարտ քաղաքական գործընթացներ են, և այս ամենին արհեստականորեն խորհրդավորության շղարշ հագցնելն անիմաստ եմ համարում: Ավելի լավ է՝ դրա փոխարեն մտածենք, թե այն նախարարությունները, որոնք ունենալու են նոր ղեկավարներ, ի՞նչ թերություններ ու խնդիրներ ունեին նախորդների պաշտոնավարության օրոք և ի՞նչ կարող ենք ակնկալել, ինչպես նաև՝ պահանջել նորանշանակ նախարարներից:

 

Կարեն Վարդանյան