Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են ահաբեկչի անունը, ում մեղքով փետրվարի 17-ին Անկարայում 28 մարդ է զոհվել: Նա Սիրիայի քաղաքացի Սալիհ Նեջարն է, «Ժողովրդավարական դաշինք» քրդական կուսակցության ու նրա ռազմական թևի՝ «Ժողովրդական պաշտպանության կազմավորում» անդամը:

 

Ինչպես գրում է Gazete Vatan թերթը, մահապարտը հարձակման վայր է ժամանել ավտոմեքենայով և գործի դրել պայթուցիկ սարքը:

 

Միևնույն ժամանակ, հետաքննությունը չի բացառում, որ մահապարտը հանցակից է ունեցել, որն իր հետ միասին ավտոմեքենայի մեջ է եղել: Նաև պարզվել է, որ Grand Cherokee ավտոմեքենան, որով տեղաշարժվում էր ահաբեկիչը, ավելի վաղ գողացվել է թուրքական Իզմիրում:

 

Հիշեցնենք, որ պայթյունն Անկարայում տեղի է ունեցել փետրվարի 17-ին, տեղական ժամանակով'մոտ 18:30-ին: Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով'զոհվել է 28 մարդ, ևս 61-ը'վիրավորվել: Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ահաբեկչական հարձակման մեջ հնարավոր է ներգրավված լինեն Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները: