Թուրքիան այլևս ուժեղ տարածաշրջանային գերտերություն չէ, ինչպիսին եղել է հինգ տարի առաջ: Գլխավոր պատճառներից մեկը՝ Սիրիական հակամարտությանը նրա միջամտությունն է, գրում է Time ամերիկյան հանդեսը:

 

 

Այժմ Թուրքիան հարկադրված է լուրջ դժվարությունների դեմ պայքարել: Անկարան ռազմական արշավ է անցկացնում Սիրիայում, սակայն, դրա հետ մեկտեղ, միջազգային հանրության և ներքին մարտահրավերների դաժան արձագանքին բախվելու վտանգի տակ է: Պարբերականը ներկայացնում է հինգ ակնբախ փաստեր, որոնք վկայում են, որ Թուրքիան խնդիրներ ունի:

 

 

Առաջին՝

 

 

Երկիրը Սիրիայից Եվրոպա անցնող փախստականների ճգնաժամի էպիկենտրոնում է: Այս պահին Թուրքիայում 2,6 մլն միգրանտ կա: Այդ խնդիրների լուծման համար ծախսած 8.5 մլրդ դոլարն ուժեղ հարված էր Թուրքիայի տնտեսական բարօրությանը: Բնականաբար, Անկարան չի հրաժարվել Եվրամիության առաջարկած 3 մլրդ դոլարից, սակայն դա խնդրի ժամանակավոր լուծում է:

 

 

Երկրորդ՝

 

 

Թուրքիան մասնակցում է Սիրիայի պատերազմին:

 

 

Սիրիայում Անկարայի գլխավոր նպատակներից մեկը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելուց բացի, քրդերի դեմ պայքարն է: ԻՊ-ի դեմ պայքարում նրանց գրանցած հաջողությունները վախեցնում են Էրդողանին: Ամենից շատ Թուրքիայի նախագահը վախենում է, որ իր վաղեմի հակառակորդները կարող են ինքնավարություն ստեղծել թուրք-սիրիական սահմանին:

 

 

Երրորդ՝

 

Թուրքիան քրդերի դեմ պատերազմ է մղում երկրի ներսում:



Այն բանից հետո, երբ այս շաբաթ Անկարայում, իսկ հետո՝ Դիարբեքիրում ահաբեկչություններ տեղի ունեցան, Էրդողանը շտապեց մեղադրել Սիրիայի քրդերին, որոնք գործել են Թուրքիայի քրդերի օգնությամբ: Դեռևս հետաքննություն է ընթանում, սակայն պարզ է մի բան, որ վերջին տարում Թուրքիայում ահաբեկչական ակտերը կրկնվում են տագնապալի հաճախականությամբ: Վերջին 7 ամսում սպանվել է 150 մարդ, հիշեցնում է պարբերականը:

 

Չորրորդ՝



Ահաբեկչական հարձակումները կարող են ազդել Էրդողանի քաղաքական դիրքորոշման և նրա Արդարություն և զարգացում կուսակցության վրա:

 

Հինգերորդ՝

 

Սիրիայի ճգնաժամը սրել է Անկարայի արտաքին քաղաքական խնդիրները:

 

 

Այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը, Մոսկվայի հետ նրա հարաբերությունները լարվել են: ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգվում են, որ Թուրքիան կարող է իրենց ներքաշել Ռուսաստանի հետ անմիջական առճակատման մեջ: Բացի այդ, Թուրքիան քրդերի դիրքերի ռմբակոծություններով փչացրել է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որն աջակցում է քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում, եզրափակում է պարբերականը: