Եվրոպայի առաջնությանն ընդառաջ մեր մարզիկների մարզումները նորմալ են ընթանում, դեռ մեկ հավաք էլ կանցկացնեն Մինսկում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
- Պարո՛ն Ալեքսանյան, ի՞նչ մարզավիճակում են մարզիկները:
- Մերոնք լավ մարզավիճակում են, մարզումներն ընթանում են այնպես, ինչպես պլանավորել է հավաքականի մարզչական խորհուրդը: Դեռ վերջնական փուլում չենք, մեկ հավաք էլ ունեն Մինսկում, վերջնական պատրաստվածությունն այնտեղ կերևա: Տղաների մոտ ամեն ինչ կարգին է: Ճիշտ է փոքր ցավեր ունեն, սակայն կարևորը՝ վնասվածքներ չկան:
- Հավաքականի կազմում փոփոխություններ կլինե՞ն:
- Ամեն ինչ նորմալ է ընթանում, փոփոխություններ չի լինելի: Աստված չանի, եթե վնասվածք լինի, նոր փոխարինելու կարիք կառաջանա:
- Ի՞նչ հավակնություններով եք մեկնելու:
- Ինչպես միշտ եմ ասել՝ մրցումներից առաջ նախապես ենթադրություններ չեմ անում: Միայն ցանկանում եմ, որ տղաներն առանց վնասվածքների, պատրաստ մոտենան մրցումներին և մասնակցեն: Այնտեղ կերևա՝ ինչի ենք ի վիճակի, ինչ մեդալներով ենք գալու, նախապես հեռու եմ մնում գուշակություններ անելուց:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մարտի 8-ից 13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.
Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ), Էդգար Խաչատրյան (130 կգ):