Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին որոշումը կայացվել է բացառապես իրավական շրջանակում, և ճիշտ չէ այդ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այդ մասին իրեն իրազեկել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

«Քանի որ իմ ընդդիմադիր գործընկերներն այստեղ իրենց մտահոգությունը հայտնեցին Վարդգես Գասպարիին կալանավորելու հարցով, ես օգտվել եմ ժամանակակակից կապի միջոցներից և ստացել եմ համապատասխան տեղեկատվություն, որը ցանկանում եմ փոխանցել ձեզ: Համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշում են, որ Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշման մեջ քաղաքական ենթատեքստ բացառապես չկա: Նա նախկինում ունեցել է ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոց, որը բազմաթիվ անգամ խախտել է: Եթե ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը խախտվում է, օրենքով սահմանված կարգով այն կարող է փոխարինվել մեկ այլ խափանման միջոցով, օրինակ՝ կալանքով»,- ասաց Շարմազանովը:

 

Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մտահոգությանը, թե Վարդգես Գասպարին կալանավայրում առողջական խնդիրներ ունի՝ Շարմազանովը հայտնեց, որ Գասպարին առողջական խնդիրներ ունենալու մասին ոչ գրավոր, ոչ բանավոր դիմում որևէ մեկին չի ներկայացրել:

 

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ իրենց մտահոգությունը հայտնեցին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշման վերաբերյալ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ նրան կալանավորել են իր քաղաքական հայացքների համար ու կոչ արեց ԱԺ ղեկավարությանը պարզաբանումներ ստանալ իրավապահ մարմիններից: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Վարդգես Գասպարին կալանավայրում առողջական խնդիրներ ունի: