«Հայկական վերածնունդ» կուսակցության հանրային կապերի հանձնաժողովի պատասխանատու Կարեն ԹումանյանըԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն է ուղարկել նամակ, որով պատասխանել է «Հայկական Վերածնունդ» կուսակցության վերաբերյալ երկու նյութի:
«Հարգելի ԼՈՒՐԵՐ.com, անսպասելի ինձ համար հայտնաբերեցի, որ ձեր կայքում այսօր, փոքր ժամանակային ինտերվալով, միանգամից երկու նյութ է տեղադրված «Հայկական Վերածննդին», մեղմ ասած, քլնգելու միտումով: Մեկը Լևոն Զուրաբյանի, անտեղի և այդ իսկ պատճառով ինձ համար, ցինիկ համարվող անեկդոտն է, մյուսը՝ Պավլիկ Մանուկյանի ձեր կայքին տված հարցազրույցը: Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի անեկդոտին, ապա ինչպես ասում են «դրա մասին հաջորդ դասին»:
Նախ սկսեմ հարցազրույցի վերջից, երբ Պավլիկ Մանուկյանը խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել Արթուր Բաղդասարյանին կամ նրա ստեղծած «Հայկական վերածնունդին» նա հաստատ այս կառույցը խառնում է այն կառույցի հետ, որտեղ նա հիմա գտնվում է: Փորձեմ բացատրել ինչու. Երեկ, փետրվարի 21-ին՝ Կ. Դեմիրճանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը: Ձեզ տեղյակ եմ պահում, որ հազարավոր մարդիկ կազմակերպիչներից նեղացել են, Իսկ գիտե՞ք թե ինչու… Մի պարզ պատճառով՝ ցանկացողները շատ էին, իսկ դահլիճում տեղերը սահմանափակ: Այսինքն, մոտ երեք հազար հինգ հարյուր նստատեղը քչություն արեց: Հիմա փորձեմ հիշեցնել Պավլիկ Մանուկյանին, եղե՞լ է մի դեպք, որ ձեր կառույցին հաջողվի Ազատության հրապարակում հավաքել համագումարում ներկաների գոնե մի քսան տոկոսը (իհարկե չենք հաշվում նրանց, ովքեր գալիս են Ազատության հրապարակ զուտ արևածաղիկ չրթելու միտումով, այլ ոչ թե հանրահավաքին մասնակցելու): Այնպես որ իրականությունը դաժան է. միանգամից երևում է. թե ում են լուրջ վերաբերվում, ում անլուրջ:
Հիմա անցանք Պավլիկ Մանուկյանի արձագանքին՝ ուղղված Արթուր Բաղդասարյանի «Կոմսոմոլսկայա Պրավդային» վերջերս տված հարցազրույցում տեղ գտած քաղաքական գործչի հետևյալ արտահայտությանը « Հայաստանը պարտավոր է անհրաժեշտության դեպքում ռազմական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին»: Հարգելի ազատամարտիկ Պավլիկ Մանուկյան, խորապես հարգելով Ձեր անցած պատերազմական ուղին, հիանալով Ձեր անցած ճանապարհով, ստիպված եմ 180 աստիճանով տարբերվող կարծիք հայտնել Ձեր անցած քաղաքական ճանապարհի մասին: Կներեք, բայց դուք բոբիկ եք քաղաքականության մեջ, ըստ իս զուրկ եք այս ոլորտի տարրական գիտելիքներից, մասնավորապես, երբ խոսքը միջպետական պայմանագրերի մասին է գնում: Հակառակ դեպքում Դուք պատասխանելուց առաջ, գոնե ընթերցողներին հարգելու նպատակով կուսումնասիրեիք, թե ինչ է իրենց ներկայացնում ՀԱՊԿ անդամ պետություն կոչվածը: Եթե ուսումնասիրեիք, ապա կտեսնեիք, որ ըստ այդ պայմանագրի յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է մյուս պետության առաջարկի պայմաններում ցույց տալ ռազմական աջակցություն: Էլ չեմ խոսում հայ-ռուսական ռազմական համագործակցության կոնտեքստով, այ այդ դեպքում դուք հաստատ կխճճվեք: Իսկ երբ օգտագործում եք «քնձռոտ» կուսակցություն բառը, ապա բարի եղեք հիշել ռուսական մի ասացվածք «Чья бы корова ни мычало, твоя бы молчало», որը կարելի է թարգմանել մոտովորապես այսպես՝ ուրիշին քննադատելուց առաջ՝ հիշիր քոնի մասին»,- ասված է նամակում: