Ինչպես արդեն հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում դաշնակցականներին հանձնվեց երեք նախարարական պորտֆել և երկու մարզպետի պաշտոն։ Ըստ այդմ՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Կրթության և գիտության նախարար նշանակվեց Լևոն Մկրտչյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը, Արագածոտնի մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը։
Այս պաշտոնանկություններից թերևս Շիրակի մարզպետինն է ուշագրավ նրանով, որ մարզում իրոք չէին ցանկանում մարզպետի փոփոխություն։ Բացի այդ, Շիրակի մարզն իշխանությունների համար բոլոր ժամանակներում ունեցել է ռազմավարական նշանակություն ընտրությունների ժամանակ։ԼՈՒՐԵՐ.com-ն ընթերցողին հիշեցնում է ներկայացնում է Շիրակի մարզպետի պաշտոնում եղած մարդկանց:
Շիրակի առաջին մարզպետ է եղել ծնունդով գյումրեցի, տնտեսագետ ԽՄԿԿ անդամ Արարատ Դվինի Գոմցյանը (1996-1999թթ): Մարզպետի պաշտոնում նրան փոխարինել է ծնունդով Թբիլիսիից Ֆելիքս Փիրումյանը (1999-2003թթ): Վերջինս զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ և այլն։ 2008 թվականին նշանակվել է նախագահի խորհրդական: Այժմ՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսն է։
Շիրակի հաջորդ մարզպետը եղել է ծնունդով Շիրակ գյուղից, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը(2003-2007թթ): Նա 1990 թվականին հիմնադրել է «Իշխան Մկրտչյան» ջոկատը, մասնակցել է մարտական գործողությունների։
ՀՅԴ-ական մարզպետից հետո մարզպետի պաշտոնը հանձնվել է Լիդա Նանյանին, ով
ծնունդով Շահումյանից է, Խանլարի շրջանից (2007-2010): Վերջինս Շիրակի մարզում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, հիմնականում հարկային ոլորտում։
Նանյանից հետո Շիրակի մարզպետ է նշանակվում Աշոտ Գիզիրյանը, ով ծնունդով Արցախից է, ոստիկանության գեներալ-մայորի կոչումով: Իրավապահ համակարգում Գիզիրյանը մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ և այլն։ Նշենք, որ Գիզիրյանի հրաժարականը պայմանավորվում էր ընտրություններում Սերժ Սարգսյանի պարտության հետ։ Մամուլում նաև հրապարակվում էր, որ Մարտի 1-ի սպանդի մասնակիցներից ամենադաժանն ու ագրեսիվը եղել է Աշոտ Գիզիրյանը։
Նրա հրաժարականից հետո Շիրակի մարզը հանձնվեց գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին(2013-2016)։ Վերջինս եղել է նախագահի խորհրդական, նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, ԱԱԾ պետի տեղակալ և այլն։
Իսկ այժմ, Շիրակի նորանշանակ մարզպետն է ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը։ Վերջինս աշխատում էր որպես Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ։ Վերջինս եղել է քաղաքապետի թեկնածու։ Թե ինչքանով արդյունավետ կլինի նոր մարզպետի աշխատանքը, հաշվի առնելով, որ 6 տարի մարզը ղեկավարել են ուժային համակարգի գեներալները, դժվար կլինի ասել։ Ամեն ինչ ժամանակը ցույց կտա։