Ի՛նչ ուզում եք՝ ասեք, բայց մեր երկրում ինչ-որ բան ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, սխալ է: Ես չգիտեմ՝ կա՞, արդյոք, աշխարհում գեթ մեկ երկիր, ուր փակվեն թանգարաններ, մշակութային կենտրոններ: Ո՞չ, խորհուրդ չէի տա այս հարցին պատասխանելիս շտապողականություն դրսևորել. պարզվում է՝ Հայաստանն հենց այդ միակ երկիրն է:
Հայտնի է դարձել, որ գրեթե 16 տարի առաջ հիմնադրված՝ հայ նոր ճարտարապետության հիմնադիր, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը առաջիկայում ծրագրում են փակել։ Եթե հետևում եք մամուլին, ապա նկատած կլինեք, որ վերջերս «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակվել էր մի բաց նամակ, ուր անհանգստություն էր հայտնվում հավանական փակման վերաբերյալ. հեղինակը Գագիկ Թամանյանն էր՝ Ալեքսանդր Թամանյանի նյույորքաբնակ թոռներից մեկը։ Եվ ի՞նչ կարող է դա նշանակել, եթե ոչ բացարձակ ցինիզմ, ոտնձգություն, որն ուղղված է հայ մշակույթի դեմ՝ առհասարակ:
Պարզվում է՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի լուռ համաձայնությամբ և ՀՀ քաղաքաշինության նախարարության տնօրինությամբ նախատեսվում է Ալեքսանդր Թամանյանի թանգարան ինստիտուտը միավորել Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի հետ։ Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե ոչ մի թաքնված վտանգ այս նախաձեռնությունն իր մեջ չի պարունակում, սակայն խնդրին խորությամբ նայելու դեպքում միանգամից պարզ է դառնում, որ սույն ծրագիրը նպատակ ունի նվաստացնել հայ մշակույթի ու ճարտարապետության խոշորագույն դեմքերից մեկի՝ մեծն Ալեքսանդր Թամանյանի ունեցած դերն ու նշանակությունը, ինչն ամենևին էլ տարօրինակ չէ, մանավանդ, երբ հաշվի ես առնում մեզանում վերջին շրջանում քաղաքաշինության ոլորտում դրսևորվող հիմնական միտումները, որոնք, ինչպես արդեն հասկացաք, հեռու են թամանյանական իդեալներից ու իդեաներից:
Լա՛վ, այս երկրում կա՞ գեթ մեկը, մի շունչ, ով զբաղվում է հայ մշակույթի խնդիրներով: Ըստ տրամաբանության՝ այդպիսին պետք է որ հանդիսանար մշակույթի նախարարը, որը նմանատիպ դեպքերում, որպես կանոն, նախընտրում է լռել՝ վարանելով սեփական բողոքի ձայնը բարձրացնել այս կամ այն դեպքի առնչությամբ: Իսկ ի՞նչ, եթե թանգարանը մեկ այլ կառույցին ձուլելու միտքն ու հիմնական գաղափարը հենց Հասմիկ Պողոսյանի մտքի ոչ փայլուն առկայծման արդյունք է, իսկ ի՞նչ, եթե Պողոսյանը որոշել է սեփական ձեռքերով հիմնավորապես սասանել հայ մշակույթի հիմքերը… Սա մի հարց է, որը, պարզապես, չի կարող անտարբեր թողնել և ոչ մեկին, և որի պատասխանն առավել քան ակնհայտ է. ուսումնասիրե՛ք սույն նախարարի գործունեության ողջ հետագիծն ու համոզվե՛ք, որ դավադրության տեսության որոշ կողմնակիցներ այնքան էլ սխալ չէին, երբ պնդում էին, որ ՀՀ անկախությունից ի վեր դրսից թելադրված պլան կա՝ մեր մշակույթն իսպառ կործանելու՝ այն իջեցնելով «պլենտուսային» մակարդակի, ուր չեն լինի հեղինակություններ, չեն լինի հստակ ուղենիշներ, ու չեն գործի նախօրոք մշակված բանաձևեր՝ զարգացնելու, ապրեցնելու մեր բազմաբովանդակ հոգու արտացոլանքը հանդիսացող հայ մշակույթը…
Հաշվի առնելով այն, որ միայն մի քանի ամիս հետո է պարզ դառնալու Թամանյանի թանգարան-ինստիտուտի ճակատագիրը, պարզապես մնում է հուսալ, որ գոնե հանրության կամ մասնագիտական շրջանակների ճնշման տակ չի արվի այն, ինչի բացասական արդյունքները մենք զգալու ենք հետո, մնում է հուսալ, որ մեր արդարացի բողոքի ձայնը, ի վերջո, տեղ կհասնի: