Այս տարի Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բավականին հետաքրքիր ընթացք են ստանում: Քաղաքապետի թեկնածու կառաջադրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, քաղաքի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանը, հավանաբար նաև, նրա խորհրդական Հովհաննես Պրվատյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Միսակյանն ասաց, որ ինքն առաջադրվելու մտադրություն ունի, սակայն մարտի 10-ին տեղի կունենա կուսակցության խորհրդի նիստ, որտեղ վերջնական որոշում կկայացվի: «Բոլոր գործընթացները կհետևեն կուսակցության որոշման առկայության պարագայում: Ես առաջնորդվելու եմ կուսակցության որոշումներով: Եթե կուսակցությունը որոշի ես առաջադրվեմ' ես կառաջադրվեմ, իսկ եթե ոչ' ուրեմն չեմ առաջադրվի»,- ասաց Միսակյանը:
Հարցին, թե ինչպես կգնահատի իր ունեցած ռեսուրսները Միսակյանն ասաց, որ այնքան լավ է գնահատում, որ իր անձնական որոշման հիմք է հանդիսացել. «Ընտրությունը պատասխանատու, կարևոր քաղաքական գործընթաց է, հետևաբար ես գնահատել եմ իմ ռեսուրսները, կարողությունները և բնականաբար համարում եմ բավարար նման գործընթացի մեջ մտնելու համար»:
Արթուր Միսակյանը խոսելով իր հնարավոր մրցակիցների մասին ասաց, որ ինքն անձամբ ճանաչում է Սասուն Միքայելյանին և գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին, երկուսին էլ համարում է լուրջ մրցակիցներ, հարգում մարդկանց անցած ճանապարհը և կարծում, որ իր առաջադրմամբ հրազդանյան ընտրությունները կունենան մի այլ դրսևորում, ընտրապայքարը կլինի ավելի հետաքրքիր: